Ուրբաթ, 29.03.2024, 15:05
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 14 » «Բավարիա»-ն ընդմիշտ է և ամենուրեք…
17:27
«Բավարիա»-ն ընդմիշտ է և ամենուրեք…
«Բավարիա»-ն ընդմիշտ է և ամենուրեք, քանի դեռ ակումբը չի գտնվում մասնավոր ձեռքերում և բոլոր ֆինանասական եկամուտները վաստակում է իր «հալալ քրտինքով»: Ընդմիշտ է, քանի որ արժանավայել է ընդունում և դիմակայում ժամանակի կողմից նետված յուրաքանչյուր մարտահրավերին: 

Այս ակումբի փիլիսոփայությունը ոչ բոլոր մարդիկ կարող են հասկանալ: Դրա համար «Բավարիա»-ն եղել է, կա ու կմնա համաշխարհային ֆուտբոլի ամենաօրիգինալ ակումբներից մեկը, որի երկրպագուները ոչ թե բնորոշվում են քանակով, այլ որակով: «Բավարիա»-ն յուրահատուկ է ոչ միայն ինքն իրենով, այլև այդ մեծ համակարգում ներգրավված մարդկանցով: Ակումբի ստեղծման, կայացման և հաջողությունների մեջ մեծ ավանդ ներդրած մարդկանց մասին կարելի է խոսել օրերով, սակայն նրանցից մեկին այդուհանդերձ պետք է առանձնացնել: «Բավարիա»-ի վերջին 34 տարիների հաջողությունների գլխավոր «մեղավորը» ակումբի ներկայիս նախագահ Ուլի Հյոնեսն է, ով փայլուն ֆուտբոլիստ լինելուց զատ դարձավ նաև հանճարեղ մարզական տնօրեն և նախագահ:

Ֆուտբոլիստի փառահեղ կարիերան 27 տարեկան հասակում ավարտելուց հետո Ուլի Հյոնեսը դարձավ իր հարազատ ակումբի մարզական տնօրենը: Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզական տնօրենի աշխատանքային առաջին տարիները շատ բարդ ստացվեցին, քանի որ ակումբը գտնվում էր ծանր իրավիճակում: 1979 թվականի տվյալներով ակումբի բյուջեն կազմում էր 6 մլն եվրոյին համարժեք մարկ, իսկ պարտքերը` 3,5 մլն: Ընդ որում այդ պահին «Բավարիա»-ն վերջին անգամ Բունդեսլիգայի չեմպիոն էր հռչակվել 5 տարի առաջ, երբ Հյոնեսը դեռևս հանդես էր գալիս մյունխենցիների կազմում: 30 տարվա ընթացքում Ուլի Հյոնեսը «Բավարիա»-ին դարձրեց եվրոպական ֆուտբոլի գրանդ և Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը: Նրա ջանքերի շնորհիվ «Բավարիա»-ն 16 անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, 11 անգամ Գերմանիայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր: Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիա»-ն 295 մլն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Բավարիա»-ի հաջողությունների ամենամեծ մասնաբաժինը հասնում է հենց Ուլի Հյոնեսին: 
2013 թվականի տվյալներով «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին ակումբը հասել է 2012/13 մրցաշրջանում: Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 մլն եվրո: Այդպիսով գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 մլն եվրո: Եվ այդ ամենին ակումբը հասել է ղեկավարների քրտանաջան և հոգատար աշխատանքի շնորհիվ:
2013 թվականին Ուլի Հյոնեսին մեղադրանք առաջադրվեց խոշոր չափսերի հարկային չարաշահումների համար: Սակայն դրանք կապված են նախագահի անձնական բիզնեսի հետ և որևէ կերպ չի առնչվում մյունխանյան ակումբի գործունեության հետ: Այդ կապակցությամբ ակումբի բոլոր անդամները և տնօրենների խորհուրդ իրենց լիարժեք աջակցությունը ցույց տվեցին Հյոնեսին: 
Երեկ կայացել է ակումբի ղեկավարների տարեկան ժողովը և նրանք կրկին իրենց աջակցությունն են հայտնել Հյոնեսին: Նախագահին բոլորը ողջունել են հոտնկայս ծափահարություններով և նրա անվան վանկարկումներով: Հյոնեսը չի կարողացել զսպել իր արցունքները և հայտարարել է.

«Ես այս ակումբին կծառայեմ մինչև այն պահը, երբ այլևս չեմ կարողանա շնչել»:

 Արտակ Վահանսարյան





Դիտումներ: 701 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0