Ուրբաթ, 19.04.2024, 21:55
Գլխավոր » 2013 » Մայիս » 26 » ԲԱՎԱՐԻԵՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԸ
11:59
ԲԱՎԱՐԻԵՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԸ
12 տարվա դադարից հետո «Բավարիա»-ն վերջապես նվաճեց Չեմպիոնների լիգայի իր 5-րդ տիտղոսը: Վերջին 4 տարում մյունխենցիները 3-րդ փորձից կարողացան տիրանալ բաղձալի գավաթին: Նախորդ տարի սեփական հարկի տակ կայացած եզրափակիչում, երբ մյունխենյան ակումբը ողբերգալի կերպով գավաթը զիջեց «Չելսի»-ին, այս տարի ցուցաբերեց գերկամային որակներ և կրկին հասնելով եզրափակիչ` վերջապես հաղթեց: Լոնդոնյան եզրափակիչում հանդիպեցին երկու գերմանական թիմեր, երկու արժանի մրցակցիներ, երկու հավասարազոր և իրար բավականին նման թիմեր, սակայն վերջում հաղթեց ուժեղագույնը: Դորտմունդի «Բորուսիա»-ն բավականին լավ հանդիպում անցկացրեց: Խաղի մեկնարկային սուլիչից հետո դորտմունդցիները մեծ ուժերով առաջ նետվեցին և գրեթե 20-30 րոպե գնդակը չէր լքում «Բավարիա»-ի կիսադաշտը: Ռոյսը և Լևանդովսկին իրենց ֆիրմային ոճով փորձում էին ճեղքել բավարական պաշտպանական դիրքերը: Մի քանի դրվագներում դա նրանց հաջողվեց և միայն Մանուել Նոյերի հուսալի խաղի արդյունքում գնդակը չհայտնվեց մյունխենցիների դարպասը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Բավարիա»-ին հաջողվեց խաղը տեղափոպել մրցակցի կիսադաշտ և արդեն սկսեցին վտանգավոր պահեր ստեղծվել Ռոման Վայդենֆելլերի պաշտպանած դարպասի մոտ: Գերմանացի դարպասապահը ցուցադրեց իր վարպետությունը և մի քանի դեպքում իր թիմին փրկեց վերահաս գոլից: Մանջուկիչի հարվածներից հետո Վայդենֆելլերը գտնվեց իր բարձրունոքում, իսկ խաղակեսի ավարտին Արիեն Ռոբենը մեն-մենակ հայտնվելով գերմանացու առջև չկարողցավ հաղթող ճանաչվել այդ միկրոմենամարտում: Չնայած, որ առաջին խաղակեսում թիմերը միմյանց դարպասը գրավելու բազում շանսեր ունեին, այդուհանդերձ ընդմիջման գնացին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բորուսիա»-ն վատ չսկսեց, սակայն «Բավարիա»-ն հետզհետե սկսեց ավելացնել և խաղը տեղափոխեց մրցակցի տուգանային հրապարակ: Վերջապես մյունխենցիների գործադրած ջանքերը պսակվեցին հաջողությամբ: 60-րդ րոպեին Ռոբենը ճեղքեց «Բորուսիա»-ի պաշտպանությունը և գնդակը փոխանցեց դատարկ դարպասի առջև հայտնված Մարիո Մանջուկիչին, ով գնդակը հանգիստ ուղարկեց մրցակցի դարպաս`1:0: Այդ պահին «Բավարիա»-ի և նրա երկրպագուների աչքերի առջև մի պահ փայլատակեց չեմպիոնական գավաթը, սակայն 8-րդ րոպե անց «Բորուսիա»-ն մրցակցին ստիպեց ժամանակից շուտ չուրախանալ: Դանտեն սեփական տուգանայինում կանոնները խախտեց Մարկո Ռոյսի նկատմամբ և մրցավարը առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Գնդակին մոտեցավ Իլկայ Գյունդողանը և դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Բաց թողած գնդակից հետո «Բավարիա»-ն հիշեց մեկ տարվա վաղեմության եզրափակիչը և սթափվեց: Մյունխենցիները խաղի մնացած ժամանակահատվածում լիովին տիրեցին խաղային առավելությունը և սկսեցին կրակի տակ պահել մրցակցի դարպասը: Գոլային պահերը ստեղծվում էին մեկը, մյուսի հետևից և ակնհայտ էր, որ մյունխենցիները չեն ցանկանում խաղը տեղափոխել լրացուցուցիչ ժամանակ: «Բորուսիա»-ն մի կերպ հետ էր մղում բավարական հզոր գրոհները: Թվում էր, թե լրացուցիչ ժամանակը անխուսափելի էր, սակայն 88-րդ րոպեին նախորդ տարվա եզրափակչի գլխավոր անհաջողակ Արիեն Ռոբենը հայտվեց Ռոման Վայդենֆելլերի հետ առերեսման և գնդակը դարպասպահի կողքով գլորեց դեպի դարպասը: Խոսքերով իհարկե անհնար է բացատրել, թե այդ րոպեներին ինչ էր կատարվում «Բավարիա»-ի ֆուտբոլիստների և երկրպագուների սրտերում: Ցնծում էր Ուեմբլի մարզադաշտի բավարական սեկտորը և բոլորը հասկանում էին, որ դա հաղթական ցնծություն էր: Ռոբենը քավեց նախորդ տարվա եզրափակիչում գործած իր բոլոր մեղքերը և մեկ տարի անց դարձավ խաղի գլխավոր հերոսը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Բորուսիա»-ն նույնիսկ չհամարձակվեց փրկվելու փորձ կատարել և մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Բավարիա»-ն տոնեց երկար սպասված հաղթանակը: Վերջապես Ֆիլիպ Լահմը իր գլխավերևում պահեց այդան սպասված բաղձալի գավաթը: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ին, ապա պետք է ասել, որ Յուրգեն Կլոպը և իր սաները նույնպես արժանի են գովասանքի և խրախուսանքի խոսքերի, քանի որ նրանք անցկացրեցին եվրագավաթային ֆանտաստիկ մրցաշրջան: Հուսանք, որ Բորուսիայի ղեկավարությանը կհաջողվի պահպանել թիմի առաջատարներին և հաջորդ տարի նոր համալրումներ կատարելով դորտմունդցիները կկարողանան գտնվել այն մակարդակի վրա, որտեղ այժմ գտնվում են: 

Արտակ Վահանսարյան 





Դիտումներ: 661 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 4.3/6
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0