Երեքշաբթի, 16.04.2024, 12:02
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 1 » Դասական ժանրի գոհարը` «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»
13:07
Դասական ժանրի գոհարը` «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»

Չեմպիոնների լիգայի 2013/2014 թվականի խաղարկության 1/4 եզրափակիչում միմյանց դեմ առճակատման դուրս կգան «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս երկու ակումբների դիմակայությունը համարվում է համաշխարհային ֆուտբոլի դասական ժանրի գոհարներից մեկը: 

Պատմական ակնարկ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բավարիա»-ի հանդիպումները առանձնահատուկ նշանակություն ունեն երկու ակումբների և նրանց երկրպագուների համար: Եվ այն առաջին հերթին կապված է Չեմպիոնների լիգայի 1998/1999 մրցաշրջանի եզրափակիչ խաղի հետ: Եզրափակիչ, որը դարձավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի պատմության ամենադրամատիկ մրցավեճերից մեկը: Հանդիպում, որը կարող է ամուր, հաղթական հոգեբանություն ձևավորելու վառ օրինակ հանդիսանալ ցանկացած անհատի համար և տեղ գտնել սկսնակ մարզիչների, ֆուտբոլիստների ուսումնական ձեռնարկներում: Հենց նմանատիպ ներկայացումների շնորհիվ էլ ֆուտբոլը դարձել է միլիոնների սիրելի խաղը: Այդ ժամանակ հիանալի մրցաշրջան անցկացնող «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի ուժեղագույն ակումբին որոշեցին Բարսելոնայում: Այս խաղը առանձնացավ խաղավերջում տեղի ունեցած անհավանական իրադարձություններով, որը աննկարագրելի հույզեր պարգևեց, ոչ միայն թիմերին և նրանց երկրպագուներին, այլև միլիոնավոր մարդկանց, ովքեր այդ երեկո հետևում էին վերոնշյալ հանդիպմանը: Ամեն ինչ հիանալի սկսվեց «Բավարիա»-ի համար, քանի որ արդեն 6-րդ րոպեին Մարիո Բասլերը տուգանային հարվածով առաջ մղեց գերմանական թիմին: Ամբողջ 90 րոպեի ընթացքում մյունխենցիները գերիշխում էին խաղադաշտում և եթե բախտը նրանցից երես չթեքեր, ապա խաղի հաշիվը կարող էր խոշոր լինել: Շոլի, Էֆֆենբերգի և Յանկերի հարվածներից հետո գնդակը համառորեն չհայտնվեց Պետեր Շմեյխելի պաշտպանած դարպասում: Սակայն ֆուտբոլում մանրունքներ չեն լինում և իր շռայլության համար «Բավարիա»-ն խստագույն ձևով պատժվեց: Մինչև 91-րդ րոպեն ամեն ինչ ընթանում էր մյունխենցիների սցենարով: Նույնիսկ տիտղոսի վրա արդեն փակցվել էին «Բավարիա»-ի գույներով ժապավեններ, իսկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնը տրիբունայից ցած իջնելով, պատրաստվում էր պարգևատրել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներին, սակայն մինչ Յուհանսոնը կհասցներ իջնել տրիբունայից` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 91-րդ րոպեին Տեդի Շերինգհեմի հարվածից հետո հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ 93-րդ րոպեին Օլե-Գունար Սուլշերը շոկային իրավիճակի հասցրեց մրցակցին և աննկարագրելի երջանկություն պարգևեց իր թիմին: Խաղից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ նույնպես չէր կարողանում թաքցնել իր զարմանքը.«Անհավատալի է: Հաղթողները լացում են, իսկ պարտվողները ցնծում»: 99-ի եզրափակչից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Բավարիա»-ի դիմակայությունները սկսեցին առանձնահատուկ բնույթ կրել:

Իհարկե, նման դառը պարտությունը «Բավարիա»-ն չէր կարող մոռանալ և երկու տարի անց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում մյունխենցիները կարողացան ռևանշի հասնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ և հետագայում վերջապես նվաճել բաղձալի տիտղոսը: Երկու խաղերից բաղկացած դիմակայութնունում «Բավարիա»-ն երկու հաղթանակ տարավ անգլիական թիմի նկատմամբ (Մանչեսթերում` 1:0, Մյունխենում` 2:1 ): Հաջորդ մրցաշրջանում թիմերի ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի երկրորդ խմբային փուլի շրջանակում: Երկու հանդիպումներում էլ խաղաղ դաշինք կնքվեցին (Մանչեսթերում` 0:0, Մյունխենում` 1:1):

Դրանից հետո թիմերը երկար ժամանակ միմյանց հետ հանդիպելու առիթ չունեցան: Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանի խաղարկության 1/4 եզրափակիչում «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերականգնեցին հին ու բարի ավանդույթները: Մյունխենյան խաղում, գրեթե կրկնվեց 99-ի եզրափակիչ սցենարը, սակայն հակառակ կերպով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շատ արագ բացեց հանդիպման հաշիվը: Արդեն առաջին րոպեին փայլուն մրցաշրջան անցկացնող Ուեյն Ռունին առաջ մղեց իր թիմին: Դրանից հետո անգլիական ակումբը կարող էր կրկնապատկել և նույնիսկ եռապատկել իր առավելություն, սակայն մանկունիանցիները չօգտվեցին իրենց ընձեռված հիանալի հնարավորություններից, որի համար պատժվեցին: Երկրորդ խաղակեսում բավարացիները սկսեցին քիչ-քիչ տիրել խաղային նախաձեռնությանը և խաղավարտից 13 րոպե առաջ Ռիբերիի տուգանային հարվածից հետո վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, իսկ 93-րդ րոպեին ճակատագիրը վերադարձրեց «Բավարիա»-ի պարտքը: Իվիցա Օլիչը մրցակցի տուգանային հրապարակում օգտվելով պաշտպանների անփույթ խաղից, կարողացավ հարվածային դիրք դուր գալ և առանց մեծ դժվարությամբ խոցել վան դեր Սարի պաշտպանած դարպասը:

Պատասխան խաղը ոչ պակաս դրամատիկ սցենարով անցավ: Մանչեսթերյան խաղի արդեն առաջին 7 րոպեից հետո լուսատախտակին վառվում էր 2:0 հաշիվը, երբ Գիբսոնն ու Նանին սառը ցնցուղ պարգևեցին մյունխենցիներին, իսկ երբ 41-րդ րոպեին Նանին հաշիվը դարձրեց 3:0` ոչ-ոք անգամ չէր կարող պատկերացնել, որ այդքանից հետո «Բավարիա»-ն իր մեջ ուժ կգտնի և կվերդառնա խաղ: Մինչ ընդմիջման գնալը Օլիչը շատ կարևոր գոլ խփեց: Այդ գնդակը ոչ միայն կրճատեց ընդհանուր դիմակայության հաշիվը, այլև չափազանց կարևոր հոգեբանական ուժ հաղորդեց հյուրերին: Երկրորդ խաղակեսում գերմանական թիմը խաղադաշտ դուրս եկավ լիովին կերպարանափոխված և սկսեց թելադրել խաղը: 50-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտից հետ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Ռաֆաելը: Դրանից հետո «Բավարիա»-ն մեծացրեց ճնշումը և կարողացավ խաղավարտից 16 րոպե առաջ խփել այդքան կարևոր երկրորդ գնդակը: Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբենի կազմակերպած գլուխգործոց գոլը վճռեց դիմակայության ելքը:

Խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդ»

Եվ ահա 4 տարի անց երկրպագուները կրկին ականատես կլինեն եվրոպական ֆուտբոլի դասական ներկայացումներից մեկին: Եթե 2010-ին դիմակայության ֆավորիտը համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ապա 2014-ին «Բավարիա»-ն ավելին քան ֆավորիտի կարգավիճակ ունի իր վաղեմի մրցակցի նկատմամբ: Դրա պատճառը թիմերի ներկայիս իրավիճակներն են: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նման չէ ինքն իրեն և ներկայումս անցկացնում է իր պատմության վատագույն մրցաշրջաններից մեկը: Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի ավարտից հետո, թիմը Դեվիդ Մոյեսի գլխավորությամբ թևակոխել է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան: Թիմի անկայուն և թույլ ելույթների պատճառով Մոյես հայտնվել է ահռելի ճնշման տակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արդեն հասցրել է դուրս մնալ երկրի տարբեր գավաթների խաղարկություններից, իսկ ներքին առաջնությունում 32 տուրից հետո զբաղեցնում է իր համար անսովոր 7-րդ տեղը: Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգային, ապա Մոյեսի թիմը 1/ 4 եզրափակիչ է հասել շատ մեծ դժվարությամբ: Նախորդ փուլում անգլիական ակումբը լուրջ խնդիրներ ունեցավ եվրոպական ֆուտբոլի չափանիշներով համեստ «Օլիմպիակոս»-ի հետ խաղերում և միայն մեծ սխրանքի շնորհիվ կարողացավհասնել 1/4 եզրափակիչ փուլ: Պիրեյում 0:2 հաշվով զիջելուց հետո Մոյեսի թիմը պատասխան խաղում Ռոբին վան Պերսիի հեթ-տրիկի շնորհիվ ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով: «Բավարիա»-ի հետ մրցավեճերը կարող են վճռել Դեվիդ Մոյեսի ճակատագիրը, քանի որ վերջին շրջանում բավականին շատ է խոսվում շոտլանդացի մարզի պաշտոնանկության մասին:

«Բավարիա»

Գաղտնիք չէ, որ մյունխենյան գրանդը ներկայումս համարվում է մոլորակի ուժեղագույն ակումբը: Նախորդ մրցաշրջանում 5 տիտղոս (Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային չեմպիոն) նվաճելուց հետո գերմանական թիմը Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցել է այդ տիտղոսները պաշտպանելու գործընթացին: Արդեն դրանից մեկը «Բավարիա»-ի «գրպանում» է: Նախորդ շաբաթվա ընթացքում «Բավարիա»-ն Բունդեսլիգայի ավարտից 7 տուր առաջ վաղաժամ կերպով հերթական անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Բացի այդ մյունխենցիները վաղուց չեն ճաշակում պարտության համը: Հաղթանակներ, հաղթանակներ և ռեկորդներ, թե ազգային առաջնությունում և թե Չեմպիոնների լիգայում: Մինչ այս պահը մյունխենցիների մոտ ամեն ինչ ընթանում է պլանավորածի համաձայն: «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում հատկապես հաջող է հանդես գալիս արտագնա խաղերում: Չեմպիոնների լիգայի շրջանակում տեղի ունեցած վերջին 7 արտագնա խաղերում Պեպ Գվարդիոլայի թիմը 7 հաղթանակ է տարել, որը բացարձակ ռեկորդ է համարվում:

Կադրային խնդիրներ

«Մանչեսթեր Յունայթեդ»

Հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին ձախ ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 1 ամսով և բաց կթողնի «Բավարիա»-ի հետ կայանալիք երկու հանդիպումները: Նույն պատճառով հանդիպումը բաց կթողնեն պաշտպան Ջոննի Էվանսը, Կրիս Սմոլինգը: Առաջիկա խաղից հարցականի տակ է նաև Անտոնիա Վալենսիայի և Ռաֆաելի մասնակցությունը: Եզրային պաշտպան Պատրիս ԷՎրան իր թիմին չի կարողանա օգնել որակազրկման պատճառով:

«Բավարիա»

Տիագո Ալկանտարան ծնկի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք երկու հանդիպումները: Կենտրոնական պաշտպան Դանտեն հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով:

Վիճակագրություն

«Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միմյանց հետ հանդիպել են 9 անգամ, ընդ որում բոլոր դեպքերում Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում: 9 հանդիպումներից 3 դեպքում հաջողությունը ուղեկցել է «Բավարիա»-ին, 2-ում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: 

 

ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ 

Դիտումներ: 622 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0