Երեքշաբթի, 23.04.2024, 19:23
Գլխավոր » 2014 » Հուլիս » 15 » Որն է գերմանական ֆուտբոլի հաջողության գրավականը. 4 կարևորագույն քայլ դեպի բարձրունք
02:47
Որն է գերմանական ֆուտբոլի հաջողության գրավականը. 4 կարևորագույն քայլ դեպի բարձրունք

Վերջին տարիներին գերմանական ֆուտբոլը մեծ քայլերով շարունակում է առաջ գնալ: Դա արտացոլվում է գերմանական ակումբների և երկրի ազգային հավաքականի վերջին հաջողություններով: 2014 թվականի  աշխարհի չեմպիոն հռչակվեց Գերմանիայի հավաքականը: Այդ փառքին արժանանալու համար գերմանացիները երկար և դժվարին ուղի անցան:  Այն, որ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես են գալիս բազմաթիվ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ` ամենևին պատահական չէ: Վերջին 10 տարվա ընթացքում Գերմանիայի ֆուտբոլի միությունը երկրում ֆուտբոլային տաղանդերի բացահայտման համար հատուկ ծրագիր մշակեց: Այդ ծրագիրը իր առաջին պտուղները տվեց 2008  թվականին, երբ Գերմանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:  Դրանից երկու տարի անց Բունդեսթիմը 2010 թվականի աշխարհի առաջնությունում  զբաղեցրեց երրորդ տեղը:  Եվրո 2012-ում գերմանացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, իսկ 2014 թվականին նրանց ջանքերը  վերջիվերջո պսակվեցին հաջողությամբ: 

1998  թվականի աշխարհի  և 2000 թվականի Եվրոպայի առաջնություններում Գերմանիայի հավաքականը անփառունակ ելույթներ ունեցավ: Այդ անհաջողությունները գերմանական ֆուտբոլի ղեկավարներին լուրջ մտորելու տեղիք տվեցին և ձեռնարկվեցին համապատասխան քայլեր:  2000 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի կազմում ընդամենը մեկ երիտասարդ խաղացող կար և այդ ֆուտբոլիստը 21-ամյա Սեբաստիան Դայսլերն էր: Այդ ժամանակվա թիմի միջին տարիքը կազմում էր 31 տարեկան: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին ազգային թիմում 21 տարեկան ֆուտբոլիստների թիվը հասնում էր 6-ի, իսկ թիմի միջին տարիքը` 25-ի:

 

[b]Քայլ № 1
Տաղանդների որոնում (սկաուտինգ)[/b]

«Տաղանդների բացահայտման ծրագրի» գլխավոր քայլերից մեկը  դարձավ ներդաշնակ սկաուտինգը:  Գերմանիայի յուրաքանչյուր բնակավայրում նշանակված են պրոֆեսիոնալ սկաուտներ, ովքեր հետևում են յուրաքանչյուր պատանի ֆուտբոլիստի ելույթին: ֆուտբոլ խաղացող յուրանքանչյուր պատանի գրանցվում է Գերմանիայի ֆուտբոլի միությունում: 
Ներկայումս Գերմանիայում գոյություն ունի 26 հազար ֆուտբոլային ակումբ: Այդ ակումբների խաղացողներին ելույթներին հետևում են հազար սկաուտներ:  Նրանցից յուրաքանչյուրը  մանրակրկիտ տեղեկություն է հաղորդում 20-30 ակումբների խաղացողների վերաբերյալ:  Սկաուտների գործունեությունը վերահսկվում է հատուկ հանձնաժողովի կողմից:  Նման ներադաշնակ համակարգը գերմանացիներին թույլ է տալիս հնարավորինս մեծ թվով տաղանդներ բացահայտել: 

[b]Քայլ № 2
Յուրաքանչյուր ակումբ պարտավոր է ֆուտբոլային ակադեմիա կառուցել[/b]

Գերմանիայի ֆուտբոլային միությունը 1-ին և 2-րդ Բունդեսլիգաներում հանդես եկող ակումբներին պարտադրեց պատանի ֆուտբոլիստների համար ակադեմիաներ կառուցել: Այդ խիստ պահանջ չկատարելու դեպքում տվյալ ակումբին սպառնում է պրոֆեսիոնալ լիցենզիայի զրկում: Ներկայումս Գերմանիայի յուրաքանչյուր ակումբ ունի իր ակադեմիան: Ակադեմիան պետք է  համալրված լինի նվազագույնը երեք մարզումային խաղադաշտով:  Յուրաքանչյուր մանկապատանեկան թիմի մարզիչ հատուկ դասընթացների միջոցով պարբերաբար պետք է բարձրացնի իր որակավորումը:  Մանակապատանեկան թիմերում մարդկանց թիվը չպետք է գերազանցի 20-ը: Այդպսով յուրքանչյուր պատանի արժանանում է համապատասխան ուշադրության:  Այդ կանոնը մտցնելուց հետո ակումբները ձգտում են իրենց տարածաշրջաններից հավաքագրել 20 լավագույն պատանիներին:  
Չափանիշներով համեստ ակումբները նույնպես ապավինում են այդ փիլիսոփայությանը, քանի որ նրանցից ոչ մի ակումբ չի կարող  խլել իր տաղանդերին:  Նախկինում գրանդ ակումբները աղքատ ակումբներից խլում էին տաղանդնեին: Յուրքանչյուր տարիքային խմբում ընդգրկում էին 40 երեխայի, որից հետո ընտրում էին լավագույններին: Այդ տարբերակը ԳՖՄ-ի կողմից խստիվ արգելվեց:   Հատկանշական է, որ այդ բարեփոխումները կատարվեցին ակումբների սեփական ֆինանսական միջոցներով: 2002 թվականին ակումբների ակադեմիաների գործունեությունը գնահատելու համար մտցվեցին 300 չափանիշներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-10 բալային համակարգով: Յուրաքանչյուր տարի ԳՖՄ-ի տեսուչները ստուգում են խաղադաշտերի որակը, մարզիչների պատրաստվածության աստիճանը և մնացած ամեն ինչը:  Թերությունները գտնելուց հետո ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

[b]Քայլ № 3
Շրջանային կենտրոնների կառուցում[/b]

Հաջորդ կարևոր քայլը դարձավ երկրի բոլոր շրջաններում մարզումային կենտրոնների կառուցումը:  Ներկայումս Գերմանիայում նմանատիպ 366 կենտրոն է գործում: Սկաուտների կողմից ընտրված տաղանդավոր երեխաները հայտնվում են շրջանային ֆուտբոլային կենտրոններ, որտեղ նրանց վրա ավելի մեծ ուշադրությունն է դարձվում:  Յուրաքանչյուր կենտրոնում աշխատում է 2-3 բարձր որակավորում ունեցող մարզիչ, ովքեր աշխատում են 11-14 տարեկան երեխաներից կազմված խմբերի հետ:  Առանց շրջանային կենտրոնների մենք չէին տեսնի այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների ինչպիսիք են` Տոնի Կրոսը, Դենիս Աոգոն, Շտեֆան Կիսլինգը, Մարիո Գոմես, Մարիո Գյոտցեն և այլոք:  Հասարակ ֆուտբոլային դպրոցների գործունեությանը հետևում են շրջանային ակադեմիաները, որտեղ հայտնված երեխաներին իրենց հերթին հետևում են ֆուտբոլային ակումբները:  


[b]Քայլ № 4
Էլիտար դպրոցների կառուցում[/b]

Նման դպրոցները տեղակայված են ակումբների մարզաբազաներին հարակից տարածքներում: Էլիտար դպրոցներում սովորում են հասարակ աշակերտներ, ովքեր միաժամանակ զբաղվում են ֆուտբոլով:  Այդ դպրցոներում սովորող աշակերտներ միաժամանակ հասցնում են սովորել, թե դասերը և թե հաճախել ֆուտբոլի մարզումներին: Օրինակի համար «Շալկե 04»-ի էլիտար ֆուտբոլային դպրոցի աշակերտների 10 %  հանդես է գալիս գելզենկիրխենյան ակումբի մանակապատանեկան թիմերի կազմերում: Նման ֆուտբոլային դպրոցները Գերմանիայի ֆուտբոլի միության կողմից տարեկան ստանում են 30-40 հազար եվրո: 


Որոշ տվյալներ համաձայն, տարբեր հովանավորների միջոցով ԳՖՄ-ն նման ծրագրի իրագործման համար հատկացնում է 8-10 մլն եվրո: Այդ գումարները հատկացվում են ֆուտբոլային տարբեր դասագրքերի տպագրության, խաղադաշտերի վերակառուցման, մարզագույքի ձեռքբերման, սկաուտներին և մարզիչներին վարձատրելու, ինչպես նաև այլ ծրագրերի իրագործման համար: Հատկանշական է, որ երեխաների համար ֆուտբոլային դպրոց  հաճախելը կատարվում է անվճար հիմունքով:  

[b]Արդյունքը[/b]

Ներկայումս Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 18 % երիտասարդներ են:  Այդ ուղղությամբ Բունդեսլիգայի ակումբները հատուկ քաղաքականություն են վարում: Դրա իմաստը կայանում է թիմերի կազմում հնարավորինս մեծ թվով երիտասարդ խաղացողներ ներգրավվել:  2000/01 թվականի մրցաշրջանի տվյալներով Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների 8 % երիտասարդներ էին, իսկ 2010 թվականին այդ թիվը կազմում էր 16 %:

2009 թվականին Գերմանիայի երիտասարդական հավաքականը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ չեմպիոնական թիմից խաղացողներից շատերը ներկայումս խաղում են Գերմանիայի ազգային հավաքականում: Խոսքը գնում է `Մանուել Նոյերի, Մեսութ Օզիլի, Մարսել Շմելցերի, Մաթս Հումմելսի, Բենեդիկտ Հյովեդեսի, Սամի Խեդիրայի և ժերոմ Բոատենգի մասին:  

Արդյունքն ակնհայտ է...

ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ

 

Նյութի աղբյուրը` Shamshyan.com

 

Դիտումներ: 750 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0