Ուրբաթ, 29.03.2024, 03:33
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց Բունդեսլիգայի 2013/14 առաջին շրջանը և արդեն կարելի է որոշակի հետևություններ անել թիմերի ցուցադրած արդյունքների և հավակնությունների վերաբերյալ:

Օրինաչափությունները` «Բավարիա», «Այնտրախտ Բրաունշվեյգ», «Ֆրայբուրգ», «Վերդեր»

Ինչպես և սպասվում էր «Բավարիա»-ն Բունդեսլիգայի առաջին շրջանը անցկացրեց մեկ շնչով և ձմեռային արձակուրդների մեկնեց անվիճելի առաջատարի դերում: Այժմ մյունխենցիները կարող են ձմեռային խորը քուն մտնել, քանի որ իրենց հետապնդող թիմերի նկատմամբ ահռելի առավելություն ունեն: Երկրի գործող չեմպիոնները Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո ավելի լավ ցուցանիշ արձանագրեցին, քան նախորդ մրաշրջանի առաջին 17 տուրերից հետո: Ընդ որում «Բավարիա»-ն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով մեկ խաղ պակաս է անցկացրել և հաղթանակ տոնելու դեպքում էլ ավելի կարող է մեծացնել իր առավելությունը իր մրցակիցների նկատմամբ: Մեկ տարի առաջ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ մյունխենցիները առաջին շրջանից հետո վաստակել էին 42 միավոր և կրել էին մեկ պարտություն, մինչեռ ընթացիկ մրցաշրջանում 16 խաղից հետո մյունխենցիները տոնել են 14 հաղթանակ և 2 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Բացի այդ ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը Բունդեսլիգայում դարձավ մի շարք ռեկորդների հեղինակ`


- Անպարտելիության ռեկորդ. մյունխեցնիները կարողացան գերազանցել «Համբուրգ»-ի ռեկորդը, որը գրանցվել էր 1982-83 թթ մրցաշրջանում և բաղկացած էր 37 անպարտելի հանդիպումների շարքից: «Բավարիա»-ն իր անպարտելի  հանդիպումների շարքը հասցրել է 43-ի:

- Մարզչական ռեկորդ. Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում նոր ռեկորդ սահմանեց: Իսպանացին «Բավարիա»-ի գլխավորությամբ անպարտելի է 16 անընդմեջ խաղում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-79 մրցաշրջանում և  պատկանում էր  «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլ-Հայնց Ֆելդկամպին:

- Առաջին շրջանում վաստակած միավորների ռեկորդ.[/bold] Պեպ Գվարդիոլայի սաները 16 խաղից հետո իրենց ակտիվում ունեն 44 միավոր: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել: Հատկանշական է, որ «Բավարիա»-ն այդ ռեկորդը կարող է թարմացնել 17 –րդ տուրի շրջանակում «Շտուտգարտ»-ի հետ հետաձգված խաղում:

- Տարվա ընթացքում առավել քանակությամբ վաստակած միավորների ռեկորդ. 2013 թվականի ընթացքում մյունխենցիները վաստակեցին ռեկորդային 93 միավոր:

Հաշվի առնելով «Բավարիա»-ի ներկայիս մարզավիճակը և ցուցադրած խաղը` մրցաշրջանի երկրորդ կեսում առաջնության մյուս թիմերին անհավանական բարդ կլինի հասնել մյունխենցիներին: Միայն հրաշքը կարող է մյունխենցիներին զրկել հերթական 24-րդ չեմպիոնական տիտղոսից:

Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ը առաջին շրջանից հետո հաստատեց իր բացահայտ հետնապահ լինելու կարգավիճակը: «Առյուծները»  բավականին անհաջող մեկնարկեցին առաջնությունում, սակայն առաջին շրջանի վերջին տուրերում իրենց տեղ Բունդեսլիգայում պահպանելու համար հույսեր պարգևեցին իրենց երկրպագուներին: Տորստեն Լիբերկնեխտի թիմը իր «ատամները» առաջին անգամ ցույց տվեց Լևերկուզենի «Բայեր»-ի հետ խաղում, երբ Բրաունշվեյգում կարողացան 1:0 հաշվով առավելության հասնել առաջատարների խմբում ընդգրկված մրցակցի նկատմամբ: Այդ հաղթանակը մեծ ուժ հաղորդեց Բրաունշվեյգը ներկայացնող ակումբին և դրանից հետո թիմը սկսեց պարբերաբար փչացնել աղյուսակի միջնամասում գտնող թիմերի տրամադրությունները:  

Նախորդ մրցաշրջանում «Ֆրայբուրգ»-ը դարձավ առաջնության գլխավոր բացահայտումներից չափանիշներով համեստ թիմը կարողացավ իր գլխից բարձր ցատկել: Բրայզգաուն ներկայացնող նախորդ մրցաշրջանում առաջնությունը ավարտեց 5-րդ տեղով և նվաճեց Եվրոպայի լիգայի ուղգեիր: Բնականաբար Բունդեսլիգայի ամենեահամեստ բյուջե ունեցող թիմը չկարողացավ պահպանել իր առաջատարների: Բավականին ցածր տրանսֆերային գներով թիմից հեռացան` Դանիել Կալիջուրին (Վոլֆսբուրգ), Յոհանես Ֆլյում, Յան Ռոզենտալը, (երկուսն էլ Այնտևախտ Ֆրանկֆուրտ), Սեդրիկ Մակիադին («Վերդեր»)  և  Մաքս Կրուզեն (Բորուսիա Մ):  Թիմի գլխավոր մարզիչ Քրիտսիան Շտրայխը առանց իր թիմի առաջատաների չկարողացավ պահպանել թիմի յուրահատուկ խաղաոճը, որով «Ֆրայբուրգ»-ը նախորդ մրցաշրջանում հանդիսանում էր առաջնության ամենահաճելի կոլեկտիվներից մեկը և լուրջ խնդիրներ էր ստեղծում առաջատարների համար: Շտրայխը շարունակում է նոր թիմ ձևավորել, իսկ այդ ընթացքում թիմը աչքի է ընկնում անկայուն և անբավարար արդյունքներով: Նման պարագայում «Ֆրայբուրգ»-ը դատապարտված էր վերադառնալ հետնապահի կարգավիճակին: Արդյոնքում բադենցիները առաջին շրջանից հետո զբաղեցնում են 16-րդ տեղը:

Ընթացիկ մրաշրջանը «Վերդեր»-ը սկսեց նոր գլխավոր մարզչով: Շաաֆի դարաշրջանը ավարտվեց և սկսվեց Դուտի ժամանակշրջանը, որը դեռևս չի կարող ուրախացնել բերմենյան ակումբի երկրպագուներին և այն միգուցե կարող է փոխարիվել մեկ այլ նոր մարզչի ժամանակաշրջանով: Ժամանակին վառ, դինամիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրող «Վերդեր»-ը վերածվեց դժգույն, անկայուն խաղ ցուցադրող «Վերդեր»-ի: Իհարկե, Շաաֆի ժամանակ «Վերդեր»-ը նույնպես շատ գնդակներ էր բաց թողնում, սակայն փոխարենը նաև շատ խփում էր և համարվում էր Բունդեսլիգայի ամենաարդյունավետ ակումբներից մեկը: Այժմ ժամանակները փոխվել են և Դուտի թիմը դեռևս շատ հեռու է այն ուրախ «Վերդեր»-ից, որին երկրպագուները սովոր էին տեսնել: Բնականաբար նման պարագայում «Բրեմենյան երաժիշտների» առջև մեծ պահանջներ դնել չի կարելի: Այդուհանդերձ «Վերդեր»-ը առաջին շրջանը ավարտեց մի փոքր բարձր տրամադրությամբ: Բրեմենցիները 17-րդ տուրում հաղթեցին երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ին: Մրցաշրջանի մյուս հատվածում կհաջողվի արդյո՞ք Ռոբին Դուտին վերածվել Ռոբին Գուդի` ցույց կտա ժամանակը:

Հիասթափությունները` «Բորուսիա» Դորտմունդ, «Շալկե 04»

Մրցաշրջանի սկիզբը բավականին խոստումնալից ստացվեց Յուրգեն Կլոպի թիմի համար: «Բորուսիա»-ն մեկնարկային տուրերում համոզիչ հաղթանակներ տանելուց հետո հաստատեց իր չեմպիոնական հավակնությունները և թվաց, թե ընթացիկ մրցաշրջանում ի զորու է լուրջ մարտահրավեր նետել մյունխենցիներին: Սակայն «Բորուսիա»-ի հաղթարշավը խաղաթարեցին կադրային լուրջ խնդիրները և հարձակման գծում ոչ կրեատիվ գործողությունները: Վնասվածքների պատճառով դորտմունդցիները կորցրեցին հիմնական կազմի 3 պաշտպաններին` Մաթս Հյումելսին, Նեվեն Սուբոտիչին և Մարսել Շմելցերին: Այդուհանդերձ «Բորուսիա»-ն դասեր չքաղեց նախորդ տարվա փորձից և չփորձեց կազմը համալրել համապատասխան քանակի որակյալ ֆուտբոլիստներով : Տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը ձեռք բերեց երեք ֆուտբոլիստների` Մխիթարյանին, Սոկրատիսին և Օբամեյանգին, ովքեր նույնպես չեն փայլում իրենց կայուն խաղով: Բավական է թիմի առանցքային խաղացողներից մեկը վնասվածք ստանա և  Կլոպը կանգնում է մեծ գլուխկոտրուկի առջև: Խոսքը վերաբերվում է խաղային բոլոր գծերում հանդես եկող ֆուտբոլիստներին: 

Առաջին շրջանի վերջնամասում «Բորուսիա»-ն կատարյալ ֆիասկո ապրեց: Վերջին 5 խաղում դորտմունդցիները կրեցին  4 պարտություն և տոնեցին ընդամենը 1 հաղթանակ: Ի ուրախություն «Բորուսիա»-ի` Կլոպը իրավիճակը գնահատելու, հասկանալու և շտկելու համար այժմ մեկ ամիս ժամանակ ունի: Չնայած, որ առջևում դեռևս 17 տուր կա, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ «Բորուսիա»-ն կարող է «Բավարիա»-ի նկատմամբ չեզոքացնել 12 միավորի տարբերություն, նամանավանդ, որ «Բավարիա»-ն դեռևս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ռուրյան մյուս ակումբը` «Շալկե 04»-ը նույնպես շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Թիմի կազմում ունենալով Հյովեդեսի, Հունտելաարի, Բոատենգի, Դրաքսլերի, Մայերի և Ֆարֆանի նման բարձրակարգ խաղացողներ` «Շալկե»-ն  շարունակում է անկայուն և ոչ տպավորիչ ելույթներ ունենալ: Թիմը ակնհայտորեն չի ցուցադրում իր խաղային պոտենցիալ: Չնայած «Շալկե 04»-ի անորակ խաղին`Յենս Կելլերը շարունակում է իր աշխատանքը գելզենկիրխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Շալկե 04»-ը հատկապես թույլ է գործում պաշտպանությունում, իսկ խաղային օղակների միջև բացակայում է հավասարակշռությունը: Նման կերպ շարունակելու դեպքում «Շալկե 04»-ը մրցաշրջանի ավարտից հետո կարող է զրկվել եվրագավթային ուղգերից: 

Անակընկալները` «Բորուսիա» Մյոնխենգլադբախ, «Հերտա», «Աուգսբուրգ»

70-ականների «ոսկե ժամանակաշրջանից» հետո «Բորուսիա»-ն երբևէ նման փայլուն ելույթներ չէր ունցել Բունդեսլիգայում: ֆավրեի գլխավորությամբ գլադբախյան թիմը շարունակում է իր վերածնունդը: Եվ իսկապես, առաջին հերթին արժանին է պետք մատուցել Լուսիեն Ֆավրեին, ով հետնապահ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից պատրաստեց առաջնության բարձր տեղերի համար պայքարող թիմի: Բունդեսլիգայի 2010/2011 թվականի խաղարկության ընթացքում, երբ թվում էր թե «Բորուսիա»-ին նույնիսկ հրաշքը չէր կարող փրկել 2-րդ Բունդեսլիգա ուղևորվելուց`ֆավրեն նշանակվեց Գլադբախի գլխավոր մարզիչ: Շվեյցարացի մասնգետին մի կերպ հաջողվեց թիմին բարձրացնել 15-րդ տեղ և «Բորուսիա»-ն անցումային խաղերում տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու հնարավորություն ստացավ: Բոխումի հետ երկու խաղերից հետո մյունխենգլադբախյան ակումբին հաջողվեց մնալ 1-ին Բունդեսլիգայում: Այդտեղից սկսվեց «Բորուսիա»-ի վերածնունդը: Հաջորդ մրցաշրջանում Բորուսիան կարողացավ փառահեղ հանդես գալ Բունդեսլիգայում և երկարատև տարիների դադարից հետո գեմանական ամենահեղինակավոր և տիտղոսակիր ակումբներից մեկը զբաղեցրեց 4-րդ տեղը: «Բորուսիա»-ն այդ առումով դարձավ մրցաշրջանի ամենամեծ անակընկալը: Նախորդ մրցաշրջանից առաջ թիմից հեռացան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում Մարկո Ռոյսը և Ռոման Նոյշտադտերը: Սակայն ֆավրեին հաջողվեց պահպանել թիմի խաղային ձեռագիրը առանց Մարկո Ռոյսի, ով հանդիսանում էր Բորուսիայի հաջողությունների ամենամեծ գրավականը: 

Այս տարի թիմը ի դեմս Մաքս Կրուզեի և Ռաֆաելի լուրջ համալրում ստացավ և շարունակում է իր խաղով հանդիսանալ Բունդեսլիգայի ամենահետաքրքիր թիմերից մեկը: Մյոնխենգլադբախյան ակումբի խաղում ակնառու է մարզչի ձեռագիրը: Մեկ հպումով, արագ փոխանցումներով պաշտպանությունից հարձակման անցնելը համարվում է «Բորուսիա»-ի գլխավոր զենքերից մեկը: Ընթացիկ մրցաշրջանում գլադբախյան ակումբը սեփական հարկի տակ տոնեց 8 անընդմեջ հաղթանակ և նոր ակումբային ռեկորդ սահամնեց: «Բորուսիա»-ի հաղթարշավը դադարեց 17-րդ տուրում, երբ սեփական հարկի տակ Ֆավրեի սաները ոչ-ոքի խաղացին «Վոլֆսբուրգ»-ի հետ:  Սակայն դա գլադբախցիներին չխանգարեց շրջանցել Դորտմունդի «Բորուսիա»-ին և ձմեռային արձակուրդների գնալ երրորդ տեղով: Նման կերպ շարունակելու դեպքում ֆավերի թիմը կարող է մրցաշրջանը ավարտել նույնիսկ երկրորդ տեղով:

Հաճելիորեն իր երկրպագուներին զարմացնում է առաջնության նորեկներից մեկը` Բեռլինի «Հերտա»-ն: Յոս Լուխուկայի թիմը շարունակում է Բունդեսլիգայում ստեղծված բարի ավանդույթը: Որպես կանոն 2-րդ Բունդսլիգայից`1-ին Բունդեսլիգա բարձրացած թիմերից, որևէ մեկը առաջին մրցաշրջանում դառնում է անակընկալի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում այդ դերը ստանձնել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը, իսկ ընթացիկ մրցաշրջանում` Բեռլինի «Հերտա»-ն:  Բեռլինցիները հատկապես հաջող անցկացրեցին առաջին շրջանի վերջնամասը և արձակուրդների գնացին 6-րդ տեղով:  Հատկանշական է, որ մայրաքաղաքային ակումբը արժանի դիմադրություն ցույց տվեց  չեմպիոնության գլխավոր հավակնորդներին` «Բավարիա»-ին և Դորտմունդի «Բորուսիա»-ին: Եվ եթե բեռլինցիները համառ պայքարում Մյունխենում 2:3 հաշվով զիջեցին «Բավարիա»-ին, ապա  Դորտմունդում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին «Բորուսիա»-ի նկատմամբ: Դժվար է ասել, թե ինչպես կընթանան մրցաշրջանի երկրորդ հատվածում «Հերտա»-ի գործերը, սակայն նման կերպ շարունակելու դեպքում Լուխուկայի թիմը կարող է պայքարել եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար:

Նախորդ մրցաշրջանում, երբ «Աուգսբուրգ»-ը կարողացավ հրաշքով փրկվել երկրորդ Բունդեսլիգա ուղևորվելուց` շատերը վստահ էին, որ ընթացիկ մրցաշրջանուն բավարական ակումբը կրկին զբաղված է լինելու տեղ ուժեղագույների խմբում պահպանելով: Սակայն Վայնցիրլին նախորդ մրցաշրջանի վերջնամասում հաջողվեց կարգարվորել թիմի խաղը, իսկ ընթացիկ մրցաշրջանում ավելացնել խաղային տարբեր ասպեկտներում: Ճիշտ է, «Աուգսբուրգ»-ը սարսափելի մեկնարկեց ընթացիկ խաղարկությունում,սակայն վերջնամասը բավականին հաջող անցկացրեց և առաջին շրջանից հետո արձակուրդների մեկնեց  8-րդ տեղով: Բնականաբար սա մեծ հաջողություն է համարվում չափանիշներով համեստ բավարական ակումբի համար: «Աուգբսուրգ»-ի ցուցադրած խաղը հույս է ներշնչում, որ մրցաշրջանի վերջում բավարական թիմը կկարողանա իր տեղը պահպանել Բունդեսլիգայում:

Չեմպիոնական մրցավազքը «սպանված է»

Ակնհայտ է, որ Բունդեսլիգայում գլխավոր ինտրիգը` չեմպիոնական մրցավազքը «սպանված է» և դա առջին հերթին ի շնորհիվ «Բավարիա»-ի, որը մեծ անդունդ է ստեղծել իր և իրեն հետապնդող մրցակիցների միջև: Այդուհանդերձ փաստ չէ, որ մրցաշրջանի երկրորդ կեսում «Բավարիա»-ն միավորներ չի կորցնելու: Այդ պարագայում առաջին հերթին աչալուրջ պետք է լինեն հետապնդող թիմերը և օգտվեն մյունխենցիների ամեն մի միավորի կորստից: Եթե հաշվի առնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ին կմիանան վնասվածքներից ապաքինված առաջատար ֆուտբոլիստները, ապա կարելի է ենթադրել, որ Կլոպի թիմը կկարողանա բարելավել իր խաղը, իսկ դա իր հերթին նշանակում է, որ «Բորուսիա»-ն դրությունը շտկելու շանս կունենա: Պետք չէ մոռանալ նաև Լևերկուզենի «Բայեր»-ին, որը ընդհանուր առմամաբ հաջող հանդես եկավ առաջին շրջանում և միայն վերջնամասում չդիմացավ ճնշմանը: Բունդեսլիգայի երկրորդ շրջանում հիմնականում թեժ մրցապայքար է սպասվում եվրագավթային ուղեգրերի և տեղ ուժեղագույնների խմբում պահպանելու համար պայքարող թիմերի միջև:  


Արտակ Վահանսարյան
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (12.01.2014)
Դիտումներ: 1759 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0