Հինգշաբթի, 25.04.2024, 21:02
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ`ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
`




ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ


 

«ֆուտբոլ խաղում են 22 մարդիկ, իսկ արդյունքում հաղթում են գերմանացիները». Գարի Լինեկեր (Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ)



Մականունը` Die Nationalelf, Bundesteam, Nationalmannschaft, Bundesmaschine, Deutschen

Կոնֆեդերացիան` ՈՒԵՖԱ

Ֆեդերացիան` Deutscher Fusball-Bund (Գերմանական ֆուտբոլային միություն)

Գլխավոր մարզիչ` Յոահիմ Լյով

Մարզչի օգնական` Հանս-Դիտեր Ֆլիկ

Դարպասապահների մարզիչ` Անդրեաս Կյոպկե

Մենեջեր` Օլիվեր Բիրհոֆ

Ավագ` Ֆիլիպ Լահմ

Բոլորից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ` Լոթար Մաթեուս (150)

Լավագույն ռմբարկուն` Գերդ Մյուլլեր (68)

Առաջին խաղը` Շվեյցարիա-Գերմանիա 5:3 (Բազել, Շվեյցարիա, 5 ապրիլի 1908թ)

Ամենախոշոր հաշվով հաղթանակը` Գերմանիա-Ռուսաստան 16:0 (Ստոկհոլմ, Շվեդիա, 1 հուլիսի 1912թ.)

Ամենախոշոր հաշվով պարտությունը` Անգլիա-Գերմանիա 9:0 (Օքսֆորդ, Անգլիա, 16 մարտի 1909թ.)

Մրցանակները`

Աշխարհի առաջնություններ`

Բրոնզ` Իտալիա 1934թ.

Ոսկի` Շվեյցարիա 1954թ.

Արծաթ` Անգլիա 1966թ.

Բրոնզ` Մեքսիկա 1970թ.

Ոսկի` ԳՖՀ 1974թ.

Արծաթ` Իսպանիա 1982թ.

Արծաթ` Մեքսիկա 1986թ.

Ոսկի` Իտալիա 1990թ.

Արծաթ` Ճապոնիա/Հվ.Կորեա 2002թ.

Բրոնզ` Գերմանիա 2006թ.

Բրոնզ` ՀԱՀ 2010 թ.

Եվրոպայի առաջնություններ`

Ոսկի` Բելգիա 1972թ.

Արծաթ` Հարավսլավիա 1976թ.

Ոսկի` Իտալիա 1980թ.

Արծաթ` Շվեդիա 1992թ.

Ոսկի` Անգլիա 1996թ.

Արծաթ` Ավստրիա/Շվեյցարիա 2008թ.

 

 

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Գերմանիան միջազգային և ընկերական խաղերում:

Գերմանիայի միավորումից հետո հանդիսանում է ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի իրավահաջորդը Այն ղեկավարվում է Գերմանական ֆուտբոլի միության կողմից:

 


 

 

Պարտադիր Ֆավորիտը

 

Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլին վերաբերվում են տարբեր ձևերով: Միշտ կարելի է հիանալ նրանց ատլետիկ և վստահ խաղով: Կարելի է նաև քննադատել ավելնորդ պրագմատիզմի համար, սակայն այն, որ գերմանացիներ շատ  են սիրում ֆուտբոլ և դա կարողանում են անել բավականին հաջող, դրանում երկու կարծիք պարզապես լինել չի կարող: Ոչ մի խոշոր մրցաշար` լինի դա Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություն, չի անցնում առանց Գերմանիայի մասնակցությամբ: Եվ գրեթե միշտ ոչ թե մասնակցում են, այլև հավակնում են ամենաբարձր տեղերին: Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոններ, աշխարհի քառակի փոխչեմպիոններ և բրոնզե մեդալակիրներ, եվրոպայի եռակի փոխչեմպիոններ: Եվ դա զարմանալի չէ, որ ամեն առաջնությունից առաջ անկախ այն բանից, թե Գերմանիան մտնում է հաղթողի գլխավոր հավակնորդների ցուցակում, թե ոչ միևնույն է, Գերմանիան եղել է, կա, ու կլինի պարտադիր ֆավորիտ: 

 

 

 

 

Պատմությունը

 

 

Գերմանիայի ազգային հավաքականը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենատիտղոսակիր հավաքականներից մեկը: Իրենց նվաճած մեդալների քանակով գերմանացիները  համարվում է աշխարհի առաջին հավաքականը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ֆուտբոլում կարողացավ հասնել բավականին լուրջ հաջողությունների: Նախապատերազմյան ժամանակահատվածում գերմանացիները միայն մեկ անգամ` 1934 թվականի աշխարհի առաջնությունում էին կարողացել զբաղեցնել մրցանակային տեղ` այն էլ 3-րդ տեղը:

Պատերազմից հետո երկիրը բաժանվեց երկու մասի: ԳԴՀ-ում պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում անհատական, այլ ոչ թե թիմային սպորտաձևերին այդ պատճառով նրանք ֆուտբոլում ունեցած իրենց հաջողություններով անգամ մոտ էլ չէին երկաթյա վարագույրի մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին:


1954 թվականի Շվեյցարիայում կայացած աշխարհի առանությունում ԳՖՀ հավաքականը ընդգրկվել էր 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հունգարիայի, Թուրքիայի և Հվ.Կորեայի հավաքականնները: Առաջին խաղում ԳՖՀ հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում արդեն խոշոր 3:8 հաշվով պարտվեց մրցաշարի ֆավորիտին` Հունգարիայի հավաքականին: Հունգարացիները խմբում վստահորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ գերմանացիները Թուրքիայի հավաքականի հետ երկրորդ հորիզոնականի համար անցումային խաղ անցկացրին, որում մրցակցին ջախջախեցին 7:2 հաշվով

 

Քառորդ եզրափակչում ԳՖՀ-ի մրցակիցը Հարավսլավիայի ընտրանին էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 2:0 հաշվով: Կիսաեզրափակչում գերմանացիներին բաժին ընկավ Ավստրիայի հավաքակաը, որին նրանք հաղթեցին խոշոր 6:1 հաշվով:

Եզրափակչում արդեն 8-րդ րոպեին հունգարացիները հաղթում էին 2:0 հաշվով և թվում էր թե այս անգամ էլ լեգենդար Կոշիչի և Պուշկաշի թիմը կհաղթի խոշոր հաշվով, սակայն գերմանացիները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և արդեն 10-րդ րոպեին Մաքս Մառլոկը կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, իսկ 18-րդ րոպեին Հելմուտ Ռանը դիպուկ հարվածով հավասարեցրեց այն: Երբ թվում էր, որ խաղի ելքը կվճռվի լրացուցիչ ժամանակում Ռանը ևս մեկ անգամ աչքի ընկավ: Արդյունքում գերմանացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան հունգարացիների նկատմամբ:

ԳՖՀ-ում գործերը ավելի հաջող էին ընթանում և թիմի առաջխաղացումը ակնհայտ էր: 1958 թվականի աշխարհի առաջնությունում նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, 1962 թվականի առաջնությունում քառորդ եզրափակիչ, իսկ 1966 թվականի առաջնությունում հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին տանտերերին` անգլիացիներին:

70-ականնները ԳՖՀ-ի հավաքականի և Մյունխենի ՙԲավարիայի՚ համար դարձան աստեղային: ՙԲավարիան՚ 3 անգամ` 1974, 1975 և 1976 թվականներին դարջավ Չեմպիոնների գավաթի հաղթող, իսկ հավաքականը, որի կորիզը կազմում էին ՙԲավարիայի՚ խաղացողները, դարձավ 1974 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 1972 և 1980 թվականների Եվրոպայի չեմպիոն և 1976 թվականի երկրորդ մրցանակակիր:

Ֆրանց Բեկենբաուերը հարձակմանը իր հաջող միացումներով փոխեց պաշտպաների մասին մինչ այդ ունեցած պատկերացումները և դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, իսկ Գերդ Մյուլլերը իսկական ՙգոլ խփող մեքենա՚ էր: Հավաքականի կազմում նա անցկացրած 62 խաղերում դարձավ 68 գոլի հեղինակ

1974 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվեց ԳՖՀ-ում: ԳՖՀ հավաքականը ընդգրկված էր առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին ԳԴՀ-ի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները: ԳՖՀ-ի հավաքականը առաջին երկու խաղերում համապատասխանաբար 1:0 և 3:0 հաշվով հաղթեց Չիլիի և Ավստրալիայի հավաքականներին, իսկ վերջին խաղում 0:1 հաշվով զիջեց ՙպատի՚ մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին: Արդյունքում խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և մրցաշարի երկրորդ փուլում ընդգրկվեց B խմբում, որտեղ բացի նրանցից ընդգրկված էին նաև Լեհաստանի, Շվեդիայի և Հարավսլավիայի հավաքականները: Այս անգամ գերմանացիները հաղթեցին բոլոր երեք հանդիպումներում էլ և դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր: Այս խաղի արդեն 2-րդ րոպեին Յոհան Նեսկենսը 11 մետրանոցից առաջ մղեց հոլանդացիներին, սակայն գերմանացիները Պաուլ Բռայթների և Գերդ Մյուլլերի օգնությամբ դեռ առաջին խաղակեսում կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Արդյունքում խաղը ավարտվեց 2:1 հօգուտ ԳՖՀ-ի: Գերմանացիները պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:

                                   

70-ական թվականների հաղթական ավանդույթները շարունակեցին նոր սերնդի ֆուտբոլիստները: Կառլ-Հայնց Ռումենիգեն, Լոթար Մաթեուսը, Ռուդի Ֆյոլլերը, Յուրգեն Կլինսմանը և Մաթիաս Զամերը դարձան համաշխարհային ֆուտբոլի աստղեր: 1982 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ զիջեցին իտալացիներին: 4 տարի անց Մեքսիկայում նրանք կրկին հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին Դիեգո Մարադոնայի Արգենտինային:

Այդուհանդերձ 4 տարի անց ԳՖՀ հավաքականը կարողացավ վրեժխնդիր լինել արգենտինացիներից:

Խմբային փուլում ԳՖՀ հավաքականի մրցակիցներն էին Կոլումբիան, ԱՄԷ-ն և Հարավսլավիան: Առաջին խաղում գերմանացիները խոշոր 4:1 հաշվով պարտության մատնեց Հարավսլավիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում էլ ավելի խոշոր 5:1 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին: Խմբային փուլի վերջին խաղում գերմանացիները Կոլումբիայի հավաքականի հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի 1:1 հաշվով: 1/8-րդ եզրափակչում ԳՖՀ հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին էր, որին գերմանացիները Կլինսմանի և Բրեմեի գոլերի շնորհիվ հաղթեցին 2:1 հաշվով: Քառորդ եզրափակչում գերմանացիները պարտության մատնեցին Չեխոսլովակիայի հավաքականին, միակ գոլը 11 մետրանոցից խփեց Մաթեուսը: Գերմանացիները կիսաեզրափակիչում են, որտեղ նրա մրցակիցը Անգլիայի հավաքականն էր: Անգլիայի հավաքականի հետ հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին գերմանացիները` հաղթելով 4:3 հաշվով: Եզրափակչում` ինչպես և 4 տարի առաջ, գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 1:0 հաշվով, միակ գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Բրեմեն: Եվ այսպես ԳՖՀ-ն պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

1990 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիան միավորվեց: Միավորված Գերմանիան 1996 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը`կիսաեզրաձակիչում ետխաղյա 11 մետրանոցներով հաղթահարեցին առաջնության կազմակերպիչ` Անգլիայի հավաքականին, իսկ ահա եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասան Չեխիայի ընտրանու նկատմամաբ :

                                   

1996 թվականի հաջողությունից հետո գերմանացիները դեռևս լուրջ հաջողությունների չեն հասել, եթե իհարկե 2002 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալը, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե  և 2008 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե  և վերջապես 2010 թվականի բրոնզե մեդալները նման գերհզոր հավաքականի համար չի կարելի հաջողություն համարվել: 

                                   

1998 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը խայտառակ 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին, իսկ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունն էլ ավելի վատ դասավորվեց, գերմանացիներն անգամ չկարողացան հաղթահարել խմբային փուլը: Այդուհանդերձ, արդեն 2002 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջեցին Բրազիլիայի հավաքականին:

                                   


Եվրո-2004-ին գերմանացիները կրկին չափազանց անհաջող ելույթ ունեցան: Լատվիայի և Հոլանդիայի հավաքականների հետ ոչ-ոքին և պարտությունը Չեխիայի ընտրանուց գերմանացիներին դուրս մղեց պայքարից արդեն խմբային փուլում: Արդյունքում Ռուդի Ֆյոլլերը, ով գլխավորում էր հավաքականը, հեռացվեց իր պաշտոնից և նրան փոխարինեց Յուրգեն Կլինսմանը:

2006 թվականի աշխարհի առաջնությունում գերմանիան, որպես ընդունող երկիր, չմասնակցեց նախընտրական փուլին և միանգամից ընդգրկվեց А խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Լեհատանի, Կոստա-Ռիկայի և Էկվադորի հավաքականները:

                                          

Բացման խաղում գերմանացիները 4:2 հաշվով հաղթեցին Կոստա-Ռիկայի հավաքականին: Գերմանացիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Միրոսլավ Կլոզեն:

Երկրորդ խաղը շատ ավելի դժվար ստացվեց և Գերմանիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին, միակ գոլը խփեց փոխարինման մտած Օլիվեր Նոյվիլը: Վերջին խաղում գերմանացիները 3 անպատասխան գնդակ ուղղարկեց Էկվադորի հավաքականի դարպասը:

Փլեյ-օֆում գերմանացիների առաջին մրցակիցը Շվեդիայի հավաքականն  էր, որին նրանք հաղթեցին 2:0 հաշվով: Երկու անգամ էլ աչքի ընկավ Պոդոլսկին: Քառորդ եզրափակչում գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր: Այս հանդիպման ժամանակ առաջինը հաջողության հասան արգենտինացիները, սակայն տանտերերը կարողացան կամային բարձր որակներ դրսևորել և 80-րդ րոպեին Կլոզեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Կիսաեզրափակչում Գերմանիայի ընտրանուն կանգնեցրեց Իտալիայի հավաքականը: Հանդիպումը անցավ լարված և անզիջում պայքարում և հիմնական ժամանակում այդպես էլ հաղթողը չորոշվեց, իսկ լրացուցիչ ժամանակում Ֆաբիո Գրոսսոյի և Ալեսանդրո Դել Պիերոյի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով իտալացիները կարողացան առավելության հասնել Բունդեսթիմի նկատմամաբ: Արդյունքում գերմանացիները պետք է պայքարեին երրորդ տեղի համար, որում էլ նրանք գեղեցիկ և հարձակվողական խաղով 3:1 հաշվով հաղթեցին Պորտուգլիայի հավաքականին: Երկու անգամ աչքի ընկավ Շվայնշտայգերը, ևս մեկ անգամ Պետին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ պորտուգալացիներից միակ պատասխան գնդակը խփեց Նունու Գոմեշը: Արդյունքում մոտակա 4 տարիների ընթացքում գերմանացիները դարձան աշխարհի երրորդ ուժեղագույն թիմը:

                                      

2 տարի անց գերմանացիները գրեթե նույն կազմով հասան մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով զիջեցին իսպանացիներին, միակ գոլի հեղինակը դարձավ Ֆերնանդո Տորեսը:

 

Հավաքականի անցյալի հայտնի ֆուտբոլիստները

 

Ֆրից Վալտեր, Ֆրանց Բեկենբաուեր, Ուվե Զելլեր,Կարլ-Հայնց Շնելինգեր, Զեպ Մայեր, Ուլի Հյոնես, Գերդ Մյուլեր, , Գյունտներ Նետցեր, Հանս Շվարցենբեկ, Վոլֆգանգ Օվերաթ, Պաուլ Բրայթներ, Մանֆրեդ Կալտց, Կարլ-Հայնց Ռումենիգե, Անդրեաս Բրեմե, Հանս-Պետեր Բրիգել, Դիտեր Այլթս, Կլաուս Ալլոֆս, Հորսթ Հրուբեշ, Ռայներ Բոնհոֆ, Կլաուս Աուգենտաուլեր, Մարկուս Բաբել, Մարիո Բասլեր, Թոմաս Բերտոլդ, Օլիվեր Բիրհոֆ, Մաթիաս  Զամեր, Օլիվեր Կահն, Անդրեաս Կյոպկե, Յուրգեն Կլինսման, Յուրգեն Կոհլեր, Շտեֆան Կունց, Ֆելիքս Մագատ, Հելմուտ Ռան, Ռուդի Ֆյոլեր, Բերտի Ֆոգտս, Լոթար Մաթեուս, Բերնդ Շուստեր, Անդրեաս Մյոլեր, Շտեֆան Էֆենբերգ:



2010 թվականի աշխարհի առաջնություն


2010 թվականի աշխարհի առաջնության  ընտրական փուլը գերմանացիները հաղթահարեցին բավականին վստահորեն, չնայած որ Ռուսաստանի հավաքականի հետ ընդգրկված էին միևնույն խմբում: Գերմանացիներն ԱԱ ուղեգիր վաստակեցին ընտրական խմբային փուլի նախավերջին տուրում, երբ կարողացան Մոսկվայում 0:1 հաշվով պարտության մատնել ռուսներին:

                                 

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Ավստրալիայի, Գանայի և Սերբիայի հավաքականներն էին: Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և արդյունքում հաղթեցին 4:0 հաշվով: Երկրորդ խաղում թիմը անակնկալ կերպով պարտվեց Սերբիայի հավաքականին 0:1 հաշվով, իսկ խմբային փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով Գանայի հավաքականին` նվաճեց փլեյ-օֆի ուղեգիր:

2010 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ 1/8-րդ եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը, որում գերմանացիները մի գլուխ բարձր էին իրենց մրցակցից և արդյունքում հաղթեցին 4:1 հաշվով:

                                 

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ քառորդ եզրափակչի Գերմանիա-Արգենտինա հանդիպումը, այս անգամ էլ գերմանացիները ակնհայտ ուժեղ էին մրցակցից և հաղթեցին 4:0 հաշվով: Այս հանդիպումը Կլոզեի համար 100-րդն էր հավաքականի կազմում և նա դարձավ 2 գոլի հեղինակ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում իր 14–րդ գնդակը և այդպիսով կրկնելով լեգենդար Գերդ մյուլլերի ռեկորդը: Արդյունքում արգենտինացիները հուսալքված էին, իսկ գերմանացիները կիսաեզրափակիչում էին:

                              

Կիսաեզրափակիչում գերմանիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր: Այդ խաղը անցավ լարված պայքարում իսպանացիների չնչին առավելությամբ: Եվ արդյունքում երկրորդ խաղակեսի միջնամասում Պույոլի խփաց միակ գնդակը հաղթանակ պարգևեց Իսպանիայի ընտրանուն: 

                                  

3-րդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի ընտրանու դեմ: Չնայած ՙմխիթարող եզրափակչին՚ Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականների միջև 3-րդ տեղի համար խաղը  ընթացավ բավականին լարված և դիտարժան պայքարում: Գերմանիայի հավաքականը հանդիպմանը ներկայացավ ոչ հիմնական կազմով: Բունդեսթիմի կազմում բացակայում էին առաջատարներ` թիմի ավագ Ֆիլիպ Լահմը, Լուկաս Պոդոլսկին, Միրոսլավ Կլոզեն և Մանուել Նոյերը: Պաշտոնապես հայտարարվում էր, որ նշված ֆուտբոլիստները հանդիպմանը չէին մասնակցում վնասվածքների պատճառներով, սակայն դա պաշտոնապես, իսկ իրականում դժվար էր թաքցնել, որ կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո հիասթափված առաջատարները տրամադրված չէին կրկին անգամ պայքարելու 3-րդ տեղի համար, ինչպես դա եղել էր 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Իհարկե դա կարելի հասկանալ քանի, որ Գերմանիայի ներկայիս հավաքականը  աշխարհի առաջնության ընթացքում ցուցադրեց վառ ու դիտարժան  ֆուտբոլ և միանշանակ նման խաղով Գերմանիան արժանի էր ամենաբարձր պարգևներին: Հարկ է նշել, որ վերջին առաջնություններում գերմանացիներին ակնհայտորեն ամենավճռական պահին ինչ-որ բան չի բավականեցնում: Այս անգամ էլ Բունդեսթիմը  հաղթահարելով մրցակցին 3:2 հաշվով կրկին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

  

                                                 

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (09.03.2011) | Автор: ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ E W
Դիտումներ: 4282 | Մեկնաբանություններ: 3 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 3
0  
3 ShushanMargaryan   (31.05.2012 14:06) [Նյութ]
Yntir hodvac

+1  
2 Mush   (15.03.2011 12:53) [Նյութ]
sat lavner

+1  
1 Effenberg   (10.03.2011 01:57) [Նյութ]
hoyakaper smile

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0