Ուրբաթ, 29.03.2024, 17:30
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՕԼԻՎԵՐ ԿԱՀՆ.ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԼԵԳԵՆԴԸ
Ճապոնիայում և Հարավային Կորեայում 2002 թվականին տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի դարպասապահն իսկական հրաշքներ էր գործում: Ողջ առաջնության ընթացքում Կանն իր թիմին փրկում էր այնպիսի իրավիճակներից, երբ թվում էր՝  գոլը անխուսափելի է: Այս տաղանդավոր դարպասապահի խաղի շնորհիվ Գերմանիայի հավաքականը հասավ եզրափակիչ, ուր մրցելու էր Բրազիլիայի լեգենդար թիմի հետ, որի կազմում  ֆուտբոլային հոյակապ ներկայացում էին ցուցադրում Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը, Ռիվալդոն  և այլոք:  Առաջին խաղակեսում բրազիլացիների ջանքերն ապարդյուն անցան, Կանի դարպասն անառիկ էր: Ողջ աշխարհը շունչը պահած հետևում էր Կանի և Բրազիլիայի հավաքականի մեջ բռնկված մենամարտին: Խաղի 67-րդ րոպեին Ռիվալդոն ուժգին հարվածով գնդակը ուղարկում է Կանի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն Օլիվերը ետ է մղում այն ու ավելին անել չի կարողանում, երբ ետ մղված գնդակը արդեն Ռոնալդոն մխրճում է գերմանական դարպասը: Երկրորդ գնդակը ևս հեղինակեց Ռոնալդոն:  

Չնայած եզրափակիչ խաղում կրած պարտությանը, Օլիվերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ, իսկ գերմանական թերթերը նրան իսկական հերոս հռչակեցին:  Ֆուտբոլասերները, սակայն, կհիշեն, թե ինչպիսի դաժան ու խիստ հայացք,  դիմագծեր ուներ Օլիվերը: Կանն իր խաղում ևս առանձնանում էր կոշտությամբ. նա հարվածել է մրցակցին, անգամ` կծել նրան: Պատահական չէ, որ նրան անգամ անվանել են «խելագար շուն», երբ Կանը կծել է Անդի Մյոլլերին, իսկ ինչ վերաբերում է իր խաղընկերներին, ապա նրանց խաղից դժգոհ լինելով՝ Կանը աջ ու ձախ նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ էր շաղ տալիս: Ահա այսպիսին էր նա, սակայն երբ ամենաանհավանական պահին փրկում էր իրավիճակը, ողջ թիմին առաջ մղում, նրան ընդունում էին այնպես, ինչպես որ կար:  Կանի նման վարքագիծը միայն ֆուտբոլով չէր սահմանափակվում. Օլիվերը մեկ անգամ չէ, որ հայտնվել է տարբեր սկանդալների հերոսի դերում: Զարմանալի չէ, որ երկրպագուներն ու լրագրողները ևս չէին վարանում նրան «գորիլա», «նեանդերթալցի», «գազան», «հոգեգեշ» անվանել, ինչն, ի դեպ, այդքան էլ հեռու չէր նրա իրական կերպարից:  Մի անգամ, երբ հենց իր թիմի՝ «Բավարիայի» երկրպագուները նրա վրա բանան նետեցին՝ որպես գորիլայի, նա սառնասրտորեն  բռնեց  այն, մաքրեց և ցուցադրաբար կերավ:  Այս ամենը, սակայն, չեզոքանում էր նրա խաղով, նրա հոյակապ սեյվերով ու խաղն ընկալելու կարողությամբ:  Կանի վարքագիծը հոգեբանության տեսակետից  այլ բացատրություն ունի: Դա  մանուկ ժամանակից մնացած վիրավորանքի ու մեկուսացվածության արդյունքն էր: Փոքրիկ Օլիվերը խոսքի թերզարգացությամբ է տառապել, և շատ հաճախ նրա խոսքն անհասկանալի էր լինում, և նրա վրա ծիծաղում էին: Ահա հենց այս վիրավորանքն էր, որ փոքրիկ Օլիվերի մեջ դաժանության սերմեր էր դրել, ինչն արտահայտվում էր կամ մեկուսանալով,  կամ էլ թշնամուց դաժան հաշվեհարդար տեսնելով:  Բայց պետք է նշել, որ այս ֆիզիկական արատն էլ նրա մեջ կարծես ձևավորեց մեծ աշխատասիրություն: Երկար աշխատանքի շնորհիվ նա հասավ խոսքի հստակության: Այս աշխատասիրությունն իր արտահայտությունը ստացավ նաև մարզադաշտում: Օլիվերը որպես դարպասապահ սկսել է խաղալ վեց տարեկանից շնորհիվ իր հոր՝ Ռալֆ Կանի, ով «Կարլսրույե» մանկական ակումբի մարզիչն էր: Հենց այստեղ էլ սկսվում է մեծ գոլքիփերի ճանապարհը:  Մինչև 17 տարեկանը նա խաղում էր այս նույն թիմի երիտասարդական խմբում, իսկ 18 տարեկանում ընդգրկվել է հիմնական կազմ, ուր դեռ նստում էր պահեստայինների նստարանին: Երբ Ալեքսանդր Ֆամուլան՝ «Կարլսրույեի» հիմնական դարպասապահը,  որակազրկվեց երեք խաղով, Կանը պետք է փոխարիներ վերջինիս, սակայն այս սկիզբն ահավոր էր: 9 գնդակ ընդունել երեք խաղում սարսափելի սկիզբ էր երիտասարդի համար, ու նա քիչ էր մնում հեռացվեր թիմից: Երկու տարի երիտասարդը դուրս չեկավ խաղադաշտ, բայց երբ 20 տարեկան էր, Ալեքսանդրը վնասվածքի պատճառով չէր կարող խաղալ, ու դարպասը դարձյալ վստահվեց  Կանին: Սա, կարծես, նոր սկիզբ էր, ուր Կանի պաշտպանած դարպասն անառիկ մնաց, իսկ թիմը հաղթեց: Կանը դարձավ հիմնական դարպասապահ:  Վարպետությունն օր օրի աճում էր: Շատ երկրպագուներ կհիշեն նրա խաղն ՈՒԵՖԱ-ի գավաթի շրջանակներում իսպանական «Վալենսիայի» դեմ պայքարում: Երբ առաջին խաղն ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ «Վալենսիայի»: Սակայն տանը Կանը, կարծես, երկրորդ շնչառություն էր առել, ինչը փոխանցվեց խաղընկերներին ևս: Այդ օրը «Կարլսրույեն» «Վալենսիային» ջախջախեց 7:0 հաշվով: Հենց այս խաղից հետո նրան հրավիրեցին Գերմանիայի ազգային հավաքական:  1994 թվականին Կանը պայմանագիր կնքեց Մյունխենի «Բավարիայի» հետ: 1996 թվականին նա «Բավարիայի»  կազմում ՈւԵՖԱ-ի գավաթը հաղթեց  ֆրանսիական «Բորդոյի» դեմ խաղում:  

2001 թվականը Կանի համար, կարծես, նոր ձեռքբերումների տարի էր: Չեմպիոնների լիգայի եզրափակչում Բավարիան խաղում  էր Վալենսիայի դեմ: Խաղը ավարտվեց ոչ ոքի: Նշանակվեցին հետխաղային 11 մետրանոցներ: Օլիվերը, իսպանացիների 3 հարված ետ մղելով, իր թիմին դարձրեց Չեմպիոն:  Սակայն ֆուտբոլը հավերժ չէ և հայտնիները շուտով դառնում են լեգենդներ՝ օրինակ ծառայելով հաջորդ սերունդների համար: Օլիվեր Կանի հրաժեշտի խաղը տեղի ունեցավ 2008թ․ սեպտեմբերի 2-ին Բավարիայի կազմում: 39-ամյա դարպասապահին «Ալյանց Արենա» մարզադաշտում հրաժեշտ էին տալիս մոտ 70 հազար երկրպագուներ՝ արցունքն աչքերին, Կանի անունը՝  շուրթերին:  
Նաիրա Սահակյան 
Sportarmenia.am
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (15.06.2012)
Դիտումներ: 1111 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0