10:02 Բունդեսլիգայի 14-րդ տուրի վերլուծություն | |
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում այնպես է ստացվում, որ «Բավարիա»-ն խաղից խաղ նոր ռեկորդներ է սահմանում: 14-րդ տուրում Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի հետ հանդիպումը այդ առումով բացառություն չեղավ: Սկսենք անհատական ռեկորդներից: Արիեն Ռոբբենը «Այնտրախտ»-ի հետ խաղում Բունդեսլիգայի շրջանակում խփեց իր 50-րդ և 51-րդ գոլերը: Հոլանդացին այդպիսով հասավ տպավորիչ ցուցանիշի: 51 գոլ խփելու համար Ռոբենին անհրաժեշտ եղավ Բունդեսլիգայում շրջանակում անցկացնել 90 հանդիպում, այսինքն միջին 125 րոպեում մեկ գոլ: Բունդեսլիգայի պատմության ընթացքում իրենց արագաձգությամբ Ռոբբենին գերազանցում են երեք խաղացողներ` Գերդ Մյուլլերը (միջին 105 րոպեում մեկ գոլ), Մարիո Գոմեսը (113) և Մարսիո Ամորոզոն (124): Եթե հաշվի առնենք, որ բոլոր երեքն էլ հարձակվողներ են, ապա Ռոբբենը արագաձգությամբ դարձավ Բունդեսլիգայի պատմության լավագույն կիսապաշտպանը: Խոսեպ Գվարդիոլան անպարտելի 14 հանդիպումների շարքով կրկնեց առաջնության ռեկորդը, իսկ «Բավարիա»-ն իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 39-ի, որը համարվում է առաջնության բացարձակ ռեկորդ: Բավարացիները նոր ռեկորդ սահմանեցին փոխանցումների քանակով: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել կատարել 874 փոխացնում: Ինչ վերաբերվում է «Այնտրախտ»-ի հետ հանդիպման, ապա «Բավարիա»-ն առանց մեծ ջանքեր գործադրելու վաստակեց իր հերթական երեք միավորը: Առաջատար եռյակում «Բայեր»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն նույնպես հաղթանակներ տոնեցին 14-րդ տուրում: Լևերկուզենցիները Չեմպիոնների լիգայի շրջանակում 0:5 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունից հետո իրենց ամբողջ զայրույթը թափեցին նախավերջին տեղում ընթացող «Նյուրնբերգ»-ի վրա: «Ասպիրինայինների» կազմում փայլուն խաղ անցակցրեց Հոնգ Մին Սոնը, ով դարձավ դուբլի հեղինակ: Այդ հաղթանակից հետո Հյուպիայի թիմը շարունակում է ընթանալ երկրորդ տեղով: Կադրային ահռելի խնդիրներ ունեցող Դորտմունդի «Բորուսիա»-ն համառ պայքարում հաղթեց «Մայնց»-ից: Վերոնշյալ խաղի գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսի ընթացքում: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը մեկական անգամ ստուգեցին դարպասձողերի ամրությունը: Սկզբում Շտեֆան Բելի գլխի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, իսկ քիչ անց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հեռահար կրակոցով արդեն ստուգեց մրցակցի հորիզոնական դարպասաձողի ամրությունը: Այդուհանդերձ հենց գաբոնցի հարձակվողը երկրորդ խաղակեսի միջնամասում տուգանային հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում մրցավարը նշանակեց երեք 11 մետրանոց, որից երկուսը` «Մայնց»-ի դարպասին, իսկ մեկը` «Բորուսիա»-ի: Բոլոր երեք հարվածներն էլ հասան իրենց նպատակակետերին: Սակայն վերջին 11 մետրանոցի ժամանակ հետքրքրիր միջադեպ գրանցվեց դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Ռոբերտ Լևանդովսկու միջև: 11 մետրանոցը պատրաստվում էր իրացնել Հենրիխ Մխիթարյանը, սակայն Կլոպը հրահանգեց, որպեսզի այն իրացնի ոչ թե Մխիթարյանը, այլ Լևանդովսկին: Այդ դրվագից հետո հայ կիսապաշտպանը Խաղից հետո Կլոպը այդ միջադեպի վերաբերյալ ներողություն խնդրեց Հենրիխ Մխիթարյանից: Շարունակում է իր երկրպագուներին հաճելիորեն զարմացնել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն, որը վերջին 5 տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և շարունակում է հետապնդել առաջատար եռյակին: Լուսիեն Ֆավրեյի թիմը 14-րդ տուրում «Բորուսիա Պարկ» մարզադաշտում հաղթեց հետնապահների շարքում ընդգրկված «Ֆրայբուրգ»-ին: Հանդիպման ելքը վճռեց Ռաֆայելի խփած միակ գոլը: Միանշանակ գլդաբախյան թիմի հաջողությունների հետևում կանգնած է թիմի մարզիչ Լուիսեն ֆավրեն, ով հիանալի հավասարակշռություն է ստեղծել խաղային օղակների միջև: «Բորուսիա»-ն իր պատմության ընթացքում, երբևիցե մեկնարկային 7 տնային խաղում 7 անընդմեջ հաղթանակ չէր տոնել, իսկ վերջին անգամ 5 անընդմեջ խաղում 5 հաղաթանակ էր տոնել 18 տարի առաջ: Եթե «Բորուսիա»-ն շարունակի նման կայունությամբ աչքի ընկնել, ապա մրցաշրջանի վերջում առնվազն կարող է ակընկալել եվրագավաթային ուղեգրի: Փոքր-ինչ իր մրցաշարային գործերը բարելավեց «Շալկե 04»-ը, որը «Վոլֆսբուրգ»-ի միավորների կորստից հետո կարողացավ դուրս գալ 5-րդ տեղ: Որքան էլ, որ զարմանալի է Գելզենկիրխենցիները «Շտուտգարտ»-ի հետ խաղում անառիկ պահեցին սեփական դարպասը: Զարմանալի է, քանի որ «Շալկե 04»-ը ընթացիկ մրցաշրջանում չափազանց անհաջող է գործում պաշտպանությունում և գրեթե յուրաքանչյուր խաղում գնդակ է բաց թողնում: Սակայն շվաբների հետ խաղում Կելլերի թիմը խաղաց զրոյի վրա և փոխարենը երեք գոլ ուղարկեց Ուլրայխի պաշտպանած դարպասը: Տուրի ամենավառ հանդիպումը տեղի ունեցավ Զինսհայմում, ուր «Հոֆենհայմ»-ը և «Վերդեր»-ը գոլային հրավառություն ցուցադրեցին երկրպագուներին: Խաղում ընդհանուր հաշվով խփվեց 8 գոլ: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպումը ավարտվեց մարտական ոչ-ոքի` 4:4 հաշվով: Այդպսիով ընթացիկ մրցաշրջանում «Հոֆենհայմ»-ի մասնակցությամբ խաղերում ընդհանուր հաշվով խփվել է 66 գոլ, այսինքն միջինը մեկ խաղում 4,7 գոլ: Այս տուրում աննախադեպ քանակով 11 մետրանոցներ նշանակվեցին թիմերի դարպասներին: Նշանակված բոլոր ութ 11 մետրանոցները ֆուտբոլիստները դիպուկ իրացրեցիին: «Հոֆենհայմ» - «Վերդեր» և «Մայնց» - «Բորուսիա» խաղերից յուրաքանչյուրում մրցավարները նշանակեցին 3-ական 11 մետրանոց հարվածներ: Մեկական 11 մետրանոց հարվածներ նշակավեցին «Վոլֆսբուրգ» - «Համբուրգ» և «Շալկե» - «Շտուտգարտ» խաղերի ընթացքում: Հատկանշական է, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մինչ 14-րդ տուրը մեկ խաղում երեք 11 մետրանոց չէր նշանակվել, սակայն այս տուրում միանգամից երկու խաղում նշանակվեցին 3-ական 11 մետրանոց: Բունդեսլիգա 14-րդ տուր «Վոլֆսբուրգ» - «Համբուրգ»`1:1 Գոլեր` Ռոդրիգես 31’ (11մ) - Չալանօղլու 19’ «Բայեր» - «Նյուրնբերգ»`3:0 Գոլեր` Սոն 36’, 76’, Կիսլինգ 47’, «Հոֆենհայմ» - «Վերդեր»`4:4 Գոլեր`Սալիհովիչ 12 (11մ), 18’ (11մ), Ֆոլանդ 49’, Հերդլինգ 53’ – Հանտ 45' (11մ), Էլիա 46’, Պետերսեն 59’, Բարգֆրեդե 91’ «Հերտա» - «Աուգսբուրգ»`0:0 «Բավարիա» - «Այնտրախտ» Բ`2:0 Գոլեր` Ռոբբեն 2’, 30’ «Մայնց» - «Բորուսիա» Դ`1:3 Գոլեր`Չուպո-Մոտինգ 74’ (11մ) - Օբամեյանգ 70’, Լևանդովսկի 78’ (11մ), 94' (11մ) «Շալկե 04» - «Շտուտգարտ»`3:0 Գոլեր` Ֆարֆան 34’, 47 (11մ),Ջոնս 79’ «Հաննովեր» - «Այնտրախտ» Ֆ`2:0 Գոլեր` Դիուֆ 25’, Հուստի 67’ «Բորուսիա» Մ - «Ֆրայբուրգ»`1:0 Գոլ`Ռաֆայել 62’ Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |