13:27 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱ-ՌԵԱԼ. "ՏԻՏԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ" | |
Բավարիա-Ռեալ հակամարտությունը բավականին հին պատություն և խորը արմատներ ունի: Ճակատագրի հեգնանքով թիմերի ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի "տիտանները" մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Բավարիան և Ռեալը եվրոպական մրցասպարեզում միմյանց համար եղել են կան ու շարունակում են հանդիսանալ մեծ խոչընդոտ: Թիմերի վերջին դիմակայությունը կայացել է ՉԼ 2006-2007 խաղարկության 1/8 եզրափակիչում և այն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով: Ընդհանուր առմամբ Բավարիան և Ռեալը Չեմպիոնների լիգայում հանդիպել են 18 անգամ, որից 10-ը ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 6-ը իսպանացիների, իսկ 2-ում կնքվել է խաղաղ դաշինք: Հատկապես թիմերը սկսեցին ավելի հաճախ հանդիպել 21 դարի սկզբնամասում: 2000-2007 թթ ընկած ժամանակահատվածում կողմերը իրար հետ մրցել են 12 անգամ: Ֆուտբոլասերների հիշողության մեջ վառ են մնացել հատկապես ՉԼ 1999/2000 թթ մրցաշրջանի Բավարիա-Ռեալ 4 պատմական դիմակայությունները , երբ թիմերը նախ հանդիպեցին խմբային փուլում, այնուհետև կիսազրափակիչում: Չնայած, որ մյունխենյան ակումբը խմբային փուլում երկու անգամ ջախջախիչ պարտության մատնեց մրցակցին` 4:1 Մյունխենում և 2:4 Մադրիդում, այդուհանդերձ "արքայական ակումբը" այդ ամենը չկարողացավ ներել իր վաղեմի մրցակցին և երբ թիմերի ճանապարհները կրկին անգամ խաչվեցին արդեն կիսաեզրափակիչում` Ռեալը մեկ հաղթանակի շնորհիվ չեզոքացրեց Բավարիայի 3 հաղթանակները և կարողացավ մրցակցին դուրս թողնել մրցապայքարից: Առաջին խաղում Մադրիդում Ռեալը հաղթեց 2:0, իսկ Մյունխենում պարտվեց 1:2 հաշվով, և եզրափակիչ դուրս եկավ Ռեալը և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների գավաթը:
Իհարկե մեկ տարի անց պատմությունը կրկնվեց, սակայն հակառակ կերպ: Բավարիան և Ռեալը երկրորդ տարին անընդմեջ հանդիպեցին կիսազրափակիչում և այդ ժամանակ Բավարիան վստահորեն երկու հաղաթնակ տարավ (0:1` Մադրիդում, 2:1` Մյունխենում) և դուրս գալով եզրափակիչ վերջիվերջո նվաճեց բաղձալի գավաթը: Հատկանշական է, որ Ռեալն ու Բավարիան եզրափակչներում հաղթեցին միևնույն մրցացկին` Վալենսիային: Անբաժան մրցակիցները երրորդ անգամ անընդմեջ հանդիպեցին արդեն ՉԼ 2001/2002 մրցաշրջանում, բայց արդեն 1/4 եզրափակիչում: Այդ ժամանակ գործող գավաթակիր Բավարիան երկու խաղերի արդյունքով ճանապարհը զիջեց Ռեալին(2:1 ` Մյունխենում, 2:0 Մադրիդում), որն էլ վերջնական արդյունքներով դարձավ այդ տարվա գավաթակիրը: Հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարվա ընմիջումից հետո, երբ կրկին Բավարիան և Ռեալը առճակատման դուրս եկան 1/4 եզրափակիչում և այդ անգամ նորից հաջողությունը ուղեկցեց Ռեալին (1:1` Մյունխենում, 1:0 Մադրիդում): Անզիջում մրցակիցները 2004 թվականից հետո միայն 3 տարի անց կրկին իրար հանդիպելու հնարավորություն ստացան 1/8 եզրափակիչում, ուր արդեն Բավարիան կանգնեց Ռեալի ճանապարհին (3:2` Մադրիդում, 2:1 Մյունխենում): Եվ վերջապես 5 տարի անց թիմերը կրկին դուրս են եկել դեմ հանդիման և ընդ որում եզրափակիչից մեկ քայլ առաջ: Եզրափակիչ, որը կայանալու է Բավարիայի բնօրրան` "Ալիանց Արենայում": Իսկ մինչ եզրափակիչ հասնելը թիմերից յուրքաքանչյուրին սպասվում է դաժան փորձություն: Ավանդաբար անհաշտ մրցակիցների մրցապայքարում նախապես կանխագուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Եվ ամենևին էլ կապ չունի, ով իր կազմում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ կամ համաշխարհային աստղեր ունի, քանի որ պատմությունը ցույց է տվել որ դա երկրորդական է: Անկախ ամեն ինչից ֆուտբոլային աշխարհն այսօր սպասում է մեծ ներկայացման: ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |