17:59 ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ. ԻՍԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ | |
Այսօր կկայանա ընթացիկ մրցաշրջանի, առաջին հատվածի կարևորագույն հանդիպումը : Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում Բավարիան կընդունի իր համար ավելի քան սկզբունքային մրցակից հանդիսացող Դորտմունդի Բորուսիային: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Բորուսիան համարձակվեց հինգ կարևորագույն հաղթանակ տոնել երկրի ամենահեղինակավոր ակումբի նկատմամբ և դրանով վերջինիս զրկեց տիտղոսներից: Հատկապես այդ պարտությունները ցավոտ ստացվեցին նախորդ մրցաշրջանի շրջանակում, երբ Բավարիան հիանալի մեկնարկից հետո, մեկ տարի առաջ` «Ալիանց Արենայում» տանուլ տվեց Բորուսիայի հետ հանդիպումը և արդյունքում ներքև գլորվեց մրցաշարային աղյուսակով, սակայն հետագայում կրկին Բորուսիային գերազանցելու հնարավորություն ընձեռվեց, բայց կրկին անգամ կարևորագույն խաղում Բավարիան պարտություն կրեց չեմպիոնության համար իր գլխավոր մրցակցից և արդյունքում Բորուսիան դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: Սակայն «Rekordmeister»-ի նկատմամբ Բորուսիայի սանձարցակությունները այդքանով չավարտվեցին: Դրանից մի քանի շաբաթ անց Յուրգեն Կլոպի թիմը Գերմանիայի գավաթի եզրափակիչում Բավարիային ջախջախեց 5:2 հաշվով և կրկին կանգնեց գերմանական դրոշակակրի ճանապարահին: "Աղետի" ենթարկված Բավարիան դրանից հետո անհասկանալի ձևով Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվեց նաև Չելսիին և արդյունքում մնաց "կոտրած տաշտակի" առջև: Ծանրագույն և ծաղրելի մրցաշրջանից հետո Բավարիան նոր ֆուտբոլային տարվան պատրաստվեց ինչպես հարկն է: Նոր մրցաշրջանում Բավարիան նման է և"վիրավոր գազանի", որը իր ճանապարհին հոշոտում է բոլոր մրցակիցներին: Դրանում համոզվելու համար հարկ է աչքի տակով անցկացնել մրցաշարային աղյուսակը: Բավարիան 14 տուրից հետո երկրորդ տեղում ընթացող Բայերից առաջ է անցել 10 միավորով, իսկ ահա երկրի գործող չեմպիոն Բորուսիան արդեն հետ է մնում 11 միավորով: Այդուհանդերձ այսօրվա խաղը Բավարիայի համար այլ կարգավիճակ է կրում և առաջնահերթ մյունխենյան ակումբը "կռվելու" է իր պատվի և հեղինակության համար: Յուպ Հայնկեսի սաները լի են վճռականությամբ վրեժխնդիր լինելու Բորուսիայից նախորդ երկու մրցաշրանների ընթացքում տանուլ տված տիտղոսների համար: Ինչ վերաբերվում է Բորուսիային , ապա պետք է նկատել, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կլոպի թիմը աչքի չի ընկնում կայուն խաղով: Իհարկե Բորուսիան այս մրցաշրջանում նույնպես զարմացնում է բոլորին, սակայն ոչ թե ներքին առաջնությունում, այլև հենց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ունեցած փայլուն ելույթներով: Ի տարբերություն Բունդեսլիգայի` Բորուսիան Չեմպիոնների լիգայում ցուցադրում է այլ տրամադրվածություն և այլ որակի ֆուտբոլ: Թիմը արժանապատվորեն է ներկայացնում իր երկրի դրոշը եվրագավաթային առաքելության ընթացքում և ՉԼ "մահվան խմբում” առաջին տեղը գրավելով հնարավորություն ստացավ գարնանը պայքարը շարունակելու մրցաշարի 1/8 եզրափակիչում: Յուրգեն Կլոպի թիմը իրենից հիշեցնում է մի ամուր ընտանիք, որը առաջնորդվում է մեկ սկզբունքով`”մեկը բոլորի և բոլորը մեկի”: Թիմի գործողություններում հատկապես նկատվում է Կլոպի ձեռագիրը, ով շարունակում է ավելի շատ վստահել երիտասարդ տաղանդներին, իսկ վերջիններս կարծես շնորհակալության նշան, իրենց ցուցադրած բարձրակարգ խաղով վարձահատույց են լինում ֆենոմենալ մարզչին` "ընտանիքի հորը”: Չնայած նրան, որ Դորտմունդը ներկայումս 11 միավորով հետ է մնում Բավարիայից և ընթանում է երրորդ տեղով` այդուհանդերձ դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է Կլոպի սաների համար: Պետք չէ մոռանալ, որ մինչ առաջնության ավարտը 20 տուր է մնացել և դեռևս նրանք այսօր հնարավորություն ունեն այդ միավորները կրճատել երեքով և մրցակցին ցավոտ հարված հասցնել գոտկատեղից ներքև: Հաշված ժամեր անց Մյունխենի «Ալիանց արենա» մարզադաշտում թիմերը խաղադաշտ դուրս կգան պարզելու մի շարք վիճահարույց հարցեր: Եվ հանավաբար , այս խաղից հետո երկու թիմերի երկրպագուները կստանան շատ հարցերի պատասխաններ: Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |