01:20 «Ֆորս Մաժորային» իրավիճակ`«Բորուսիա» - «Բավարիա» խաղից առաջ | |
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում կկայանա առաջին շրջանի գլխավոր իրադարձությունը: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում երկրորդ տեղում ընթացող «Բորուսիա»-ն կհյուրընկալի առաջատար «Բավարիա»-ին: 12 տուրից հետո թիմերին բաժանում է 4 միավոր: Այս խաղի ելքը կարող է ճակատագրական լինել թիմերից յուրաքանչյուրի համար, քանի որ տվյալ հանդիպումը 6 միավորի արժեք ունի: Եթե «Բորուսիա»-ն ցանկանում է գերազանցել «Բավարիա»-ին, ապա վաղվա խաղում անպայման պետք է երեք միավոր վաստակի: Հակառակ դեպքում չեմպիոնական մցավազքում «Բավարիա»-ն կարող է անհասանելի դառնալ իր մրցակիցների նկատմամբ: Թիմերը հանդիպմանը կմոտենան կադրային խնդիրներով: Կարևորագույն խաղից առաջ թիմերը հայտնվեցին ֆորս –մաժորային իրավիճակում: Հատկապես դրությունը լուրջ է «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրեց հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չեն կարողանա օգնել իրենց թիմին: Մյունխենցիների կազմում նույնպես կան զգալի կորուստներ: Նույն ատճառներով խաղը բաց կթողնեն Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը: Իհարկե, «Բորուսիա»-ի կորուստները զգալի են և նման ֆորս մաժորային իրավիճակը վաղվա խաղում մեծ հարցականի տակ է դնում դորտմունդցիների հաղթանակը: Յուրգեն Կլոպը պատասխանատու խաղում ստիպված կլինի նոր պաշտպանական գիծ ձևավորել, որը առաջին հայացքից այդքան էլ հուսալի չի թվում: Կենտրոնական գոտում Կլոպը կվստահի Բենդեր- Սոկրատիս զույգին, իսկ եզրերում կգործեն Գրոսկրոյտցն ու երիտասարդ Դուրմը: Դորտմունդցիները հանդես կգան իրենց համար հարազատ ` 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ: Հենակետային դիրքում Նուրի Շահինը խաղազույգ կկազմի փորձառու Սեբաստիան Կեհլի հետ: Կիսապաշտպանության աջ թևում Կլոպը ամենայն հավանականությամբ կվստահի Յակուբ Բլաշիկովսկուն, քան Պիեր-Էմերի Օբամեյանգին: Լեհ կիսապաշտպանը նմանատիպ խաղերում հանդես գալու հարուստ փորձ ունի և ավելի լավ է կարողանում գնդակ պահել, խաղարկել, քան գաբոնցի հարձակվողը: Նման խաղային հատկանիշները շատ կարևոր են «Բավարիա»-ի հետ խաղում: Գվարդիոլան այդ առումով կարող է իրեն ավելի հարմարավետ զգալ, քանի որ իր թիմի կազմում ունի այնպիսի կատարողներ, ովքեր կարող են փոխարինել Ռիբերիին և Շվայնշտայգերին: Այդուհանդերձ թիմի երկու առաջատարների կորուստները դժվար , թե չազդի մյունխենցիների խաղի վրա: Իսպանացի մասնագետը կրկին խաղադաշտ դուրս կբերի մեկ հենակետային կիսապաշտպանի: Մյունխենցիները կխաղան իրենց համար արդեն սովորական դարձած` 4-1-4-1 տակտիկական դասավորությամբ: Հենակետային դիրքում Շվայնշտայգերին կփոխարինի Խավի Մարտինեսը, իսկ կիսապաշտպանության ձախ թևում Ռիբերիի փոխարեն հանդես կգա Մարիո Գյոտցեն: «Բավարիա»-ի վերջին խաղերը ցույց տվեցին, որ ընդգծված հարձակվողով թիմը ավելի լավ է գործում առջևի գծում, քան հետ քաշված հարձակվողի պարագայում: Այդ պատճառով Գվարդիոլան վերջին շրջանում փորձում է «նոր հեծանիվ» չհորինել և խաղում է մեկ ընդգծված հարձակվողով: Այդ դիրքում, ինչպես միշտ կգործի Մարիո Մանջուկիչը, ով գտնվում է հիանալի մարզավիճակում: Արտակ Վահանսարյան | |
|
Մեկնաբանություններ: 0 | |