15:45 ՄԱՆՈԼՈ ՍԱՆՉԻՍ. ԱՅՍ «ԲԱՎԱՐԻԱՆ» ԻՆՁ «ՌԵԱԼՆ» Է ՀԻՇԵՑՆՈՒՄ | |
Մադրիդի «Ռեալի» նախկին փայլուն պաշտպանը իր կարծիքն է հայտնել գերմանական ԲԻԼԴԻՆ… - Պարոն Սանչիս, անցյալ շաբաթ ողջ աշխարհը տեսավ, թե ինչպես է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը բարձրացնում Չեմպիոնների լիգայի գավաթը: Ձեզ ծանոթ հույզեր են, այնպես չէ՞: - Կարելի է այդպես ասել, միայն թե այս անգամ հույզերը մի քիչ այլ էին, քան 1998 թվականին: Մնացածը նույնն էր: Եվ առաջին հերթին՝ Հայնկեսը: Նա հաջողությունների մարդ է ինչպես այն ժամանակ, այնպես էլ` հիմա: Շատ ուրախացա, երբ նրան Գավաթով տեսա, քանի որ արժանի էր այդպիսի հաջողությանը: - Երբ Հայնկեսը «Ռեալի» գլխավոր մարզիչն էր, Դուք թիմի ավագն էիք: Ի՞նչ հուշեր եք պահպանել այն ժամանակների հաջողություններից: - Ծանր ժամանակներ էին. 32 տարի թիմը չէր հաղթել Չեմպիոնների լիգայում, եւ մեր երկրպագուները պարզապես պահանջում էին այդ հաղթանակը: Անհավանական մեծ ցանկություն կար: Եվ մարզիչը պետք է կարողանար աշխատել այդ անմարդկային ճնշման տակ: Եվ, ի վերջո, Հայնկեսին հաջողվեց հասնել այդ հաջողությանը: - Ի՞նչն է բնութագրական Հանյկես-մարզչին: - Այսօրվա «Բավարիան» շատ առումներով մեր ժամանակների «Ռեալն» է հիշեցնում: Հանյկեսի թիմերը միշտ ներդաշնակ կազմով են աչքի ընկնում, իսկ դա շատ մեծ արժեք ունի: Կան մարզիչներ, որոնց թիմերը հուսալի խաղով պաշտպանությունում են աչքի ընկնում: Մյուսները շեշտը դնում են գրոհային գործողությունների վրա: Բայց Հայնկեսը կարողանում է հիանալի ներդաշնակության հասնել պաշտպանության եւ հարձակման գծերի միջեւ: Հենց դա էլ նրա թիմերին այդքան զորեղ է դարձնում: - Ասում են, թե 1998 թվականի Թուրինի «Յուվենտուսի» հետ եզրափակիչ հանդիպումից առաջ խաղացողներն իրենք էին որոշել թիմի հիմնական կազմը, քանի որ Հայնկեսի հեղինակությունը կասկածի տակ էր: Դա ճի՞շտ է: - Դա ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, ազգային առաջնությունում մեր թիմը բացասական արդյունքներով աչքի ընկավ, ինչը չէր նպաստում կայունությանը Չեմպիոնների լիգայում: Սակայն Հայնկեսին հաջողվեց հոգեբանորեն այնպես պատրաստել թիմին, որ մենք կարողացանք դուրս գալ եզրափակիչ եւ հաղթել: Իհարկե, կարող է այնպես պատահել, որ առանձին խաղում ֆուտբոլիստներից որեւէ մեկն ինքնուրույն որոշում կայացնի: Բայց Հանկեսի խոսքը մեզ համար մեծ կշիռ ուներ: - Բայց այդ հաջողությունից հետո նա ստիպված եղավ հեռանալ «Ռեալից»… - Ինչը նորմալ չէր: Այն ժամանակ ինչ-որ բան սխալ էր: Բայց ինչն էր սխալ՝ ճշգրիտ չեմ կարող ասել: - Հնարավոր է, որ Հայնկեսը վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու» եւ կրկին գլխավորի «Ռեալը»: Երկրորդ անգամ կվստահեի՞ք նրան թիմի ղեկը: - Անկասկած: Եթե կա մարզիչ, ով դրա համար համապատասխան փորձ եւ որակներ ունի, ապա դա հենց Հայնկեսն է: Յուպը կարող է աշխարհի ցանկացած ակումբ մարզել եւ կատարելագործել այն: Չեմ կարծում, թե սկզբում «Բավարիայի» աստղերի հետ համապատասխան աշխատանք կատարելը դյուրին խնդիր էր: Բայց իր անհատականությամբ Հայնկեսը կարողացավ դա անել, եւ հիմա «Բավարիան» ամենաուժեղ թիմն է: Կրկնում եմ, ես շատ ուրախացա Հայնկեսի համար, քանի որ միշտ էլ հաճելի է, երբ ընկերներդ հաջողությունների են հասնում: Football365.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |