Երկուշաբթի, 20.05.2024, 16:19
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տաղանդերի դարբնոց. Ինչպե՞ս է աշխատում Լյովի լաբորատորիան

Ավարտվեց  2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլը, որի արդյունքներով կիսաեզրափակիչ փուլում Չիլին կմրցի Պորտուգալիայի, իսկ Գերմանիան՝ Մեքսիկայի հետ:

Ինչպես հայտնի է աշխարհի չեմպիոններն այս մրցաշարին ներկայացել են փորձնական կազմով: Լյովը այս ստուգատեսին շեշտը դրել է երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստների վրա, ովքեր մոտ ապագայում լինելու են ներկայիս առաջատար խաղացողների հետնորդները:

Խմբային փուլի երեք խաղերում Լյովը երեք տարբեր մեկնարկային կազմեր խաղադաշտ դուրս բերեց: Բացի այդ փորձարկեց տարբեր մարտավարական համակարգեր՝ Ավստրալիայի դեմ խաղում ՝3-5-2, Չիլիի և Կամերունի դեմ ՝3-4-3, 3-4-2-1: Ընդ որում Ավստրալիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում  Լյովը հաշիվը պահելու նպատակով այն վերափոխեց 4-5-1 պաշտպանական տարբերակով, իսկ Չիլիի հետ ամբողջ խաղի ընթացքում առհասարակ ոչ մի փոփոխություն չկատարեց: Կամերունի հետ խաղում քանակական առավելություն ստանալուց հետո Բունդեսթիմը գործեց 4-2-3-1 տարբերակով:

 

Ակնհայտ է, որ Լյովը փորձում է մարտավարական տեսանկյունից ճկունություն հաղորդել թիմին:
Խմբային փուլի երեք խաղում Լյովը փորձակեց իր ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստներին` յուրաքանչյուր խաղի համար մեկնարկային կազմում կատարելով նվազագույնը 4 փոփոխություն:
 
Մրցաշարին հայտավորված 23 ֆուտբոլիստներից իրենց դրսևորելու համար դեռևս ոչ մի խաղային րոպե չեն ստացել հետևյալ երեք ֆուտբոլիստները՝ Կևին Տրապը, Լերոյ Սանեն, ով վնասվածք ունի և Լայպցիգի կիսպաշտպան Դիեգո Դեմմեն:


FIFA-ի պաշտոնական կայքի տվյալներով մրցաշարի ամենաուժեղ հարձակումը ունի հենց Գերմանիան: Աշխարհի չեմպիոնները 3 խաղում 46 անգամ սպառնացել են մրցակցի դարպասի ուղղությամբ: Դրանցից 22-ը եղել են դարպասների ուղղությամբ շեղ հարվածները,6 դեպքում մրցակցի խաղացողները արգելափակել են հարվածները,  11 անգամ իրենց թիմերին վերահաս գոլերից փրկել են դարպասպահները և մեկ անգամ գնդակը հետ է մղվել դարպասաձողից: 46 հնարավորությունից ՝7 գոլ և այդ ցուցանիշով Պորտուգալիայի հետ մեկտեղ Գերմանիան համարվում է մրցաշարի ամենաարդյունավետ թիմը:

Այնուամենայնիվ Յոահիմ Լյովի երիտասարդ թիմը դեռևս որոշակի բացեր ունի:
Որքան էլ որ զարմանալի է, բայց ընթացիկ մրցաշարում առաջին հերթին Բունդեսթիմի «աքիլեսյան գարշապարը» հանդիսանում է դարպասապահական գոտին, իսկ երկրորդ հերթին պաշտպանությունը:  Բայերի դարպասապահ Բերնդ Լենոն մասնակցեց Ավստրալիայի հետ խաղին և երկու գոլ բաց թողեց: Եթե առաջին բաց թողած գոլը կարելի էր պատճառաբանել հարվածի ուժգնությամբ, ապա երկրորդ դեպքում առանց մեկնաբանության: Չիլիի հետ խաղում մեկնարկային կազմ վերադարձած Մարկ-Անդրե տեր Շտեգենը հուսալի հանդիպում անցկացրեց , սակայն Կամերունի հետ հաջորդ  խաղում նա էլ «հրաշագործեց»: Շատ հավանական է, որ Մեքսիկայի հետ կիսաեզրափակիչ հանդիպմանը իրեն դրսևորելու հնարավորություն կստանա ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը:  Ինչ վերաբերվում է պաշտպանությանը, ապա այստեղ նույնպես հարցեր կան: Հատկապես մրցաշարը այդքան էլ հաջող չի ընթանում աշխարհի չեմպիոն Շկոդրան Մուստաֆիի համար: Վերջինիս ելույթը Ավստրալիայի  և Չիլիի դեմ խաղում հաջող չես համարի:
Իհարկե, նման փորձառություն ունեցող պաշտպանի համար երկու խաղում այդքան սխալներ կատարելը բավականին շատ է, սակայն տպավորություն կա, որ Լյովը շարունակում է հավատալ նրան, ինչպես և Անտոնիո Ռուդիգերին, ով նույնպես չի փայլում հուսալիությամբ: Ճիշտ է, այս մրցաշարում դեռևս Ռոմայի պաշտպանը չի «հրաշագործել», բայց Դանիայի հետ մեկ ամիս առաջ ընկերական խաղում նրա թույլ տված սխալը դեռևս թարմ է մնացել ֆուտբոլասերների հիշողություններում: Կարճ ասած, Մուստաֆի-Ռուդիգեր պաշտպանողական զույգը չես համարի հուսալի:

Անդրադառնալով թիմի դրական կողմերին պետք է առանձնացնել թիմի մի շարք նորեկների տպավորիչ ելույթները: Հարձակման գծում հանդես եկող ֆուտբոլիստներից առավել տպավորում են երիտասարդ Թիմո Վերները և Գլադբախի Բորուսիայի 28-ամյա ավագ Լարս Շտինդլը: Վերջիններս ընթացիկ մրցաշարում երկուական գոլով հանդիսանում են իրենց թիմի լավագույն ռմբարկուները:
Եթե Շտինդլը տպավորում է իր դիպուկությամբ և մրցակցի տուգանային հրապարակում դրսևորած սառնասրտությամբ, ապա Վերները առանձնանում է իր արագությամբ և տեխնիկայով`չնայած, որ իրացման հետ կապված որոշակի խնդիրներ նկատվում են նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի լավագույն գերմանացի ռմբարկուի մոտ: Հայտնությունների մասին խոսելով չի կարելի նաև շրջանցել Հոֆենհայմի կիսապաշտպան Քերեմ Դեմիրբային: 23-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում իր երկրորդ պաշտոնական հանդիպումը անցկացրեց Կամերունի դեմ և այն անցկացրեց բավականին վստահ: Դեմիրբայը ոչ միայն առանձնացավ իր վստահ գործողություններով, այլև խփված հեռահար հրաշալի գոլով: Այնպիսի տպավորություն էր, որ Դեմիրբայը հավաքականում ոչ թե 2-րդ, այլ 100-րդ հանդիպումն էր անցկացնում: 

Թիմի առաջատարների մասին խոսելիս թիմի ավագ Յուլիան Դրաքսլերի հետ մեկտեղ պետք է նշել  առաջին հերթին Յոշուա Կիմմիխին, ինչպես նաև Էմրե Ջանին, Յոնաս Հեկտորին և Լեոն Գորեցկային: 

Լյովը լիովին օգտագործում է Կիմմիխի ունիվերսալիզմը: Բավարիայի ֆուտբոլիստին կարելի է տեսնել խաղադաշտի ցանկացած հատվածում:  Բացի այդ երիտասարդ ֆուտբոլիստը փայլում է դիսպետչերական հատկանիշներով և հուսալի է անհատական մենամարտերում: Երեք խաղում Կիմմիխը արդեն երկու գոլային փոխանցում է կատարել: Մյուս կարևոր և առանցքային ֆուտբոլիստը, ում պետք է նշել դա Էմրե Ջանն է: Վերջինս ոչ միայն զբաղվում է սևագործ աշխատանքով, այլև տեմպ է տալիս և իր ճշգրիտ փոխանցումներով սրություն է հաղորդում թիմի գրոհներին: Բավականին հետաքրքիր և ստեղծագործ ֆուտբոլիստ է նաև Լեոն Գորեցկան: Շալկեի կիսապաշտպանի մոտ հիանալի է դրված թիմային համագործակցությունը: Բացի այդ երիտսարդ ֆուտբոլիստը ոչ միայն կառուցում է թիմի խաղը առջևի գծում, այլև շատ հաճախ հայտնվում է գրոհները եզրափակողի դերում: Ինչ վերաբերվում է Յոնաս Հեկտորին, ապա Քյոլնի պաշտպանը ինչպես միշտ հուսալի է և շարունակում է մեծ ծավալի աշխատանք կատարել ամբողջ եզրային գոտով մեկ՝ ոչ միայն հաջող գործել պաշտպանությունում, այլև գնդակներ մատակարարել դեպի տուգանային հրապարակ:

Լյովը հավատում է իր երիտասարդ սաներին և շարունակում է վստահել նրանց, իսկ ֆուտբոլիստները ամեն ինչ անում են իրենց նկատմամբ վստահությունն ու հավատը արդարացնելու համար: Մինչ այժմ նրանք ապացուցում են, որ արժանի են այդ վստահությանը,  քանի որ կարողացան հաղթող դուրս գալ մի խմբում, որտեղ հանդես էին գալիս ոչ հեշտ մրցակիցներ:


Բնականաբար, այս տղաները դեռևս աճելու և  իրենց խաղը բարելավելու շատ տեղ ունեն, բայց արդեն այս պահին էլ նրանք աչքի են ընկնում հասունությամբ, պրոֆեսիոնալիզմով, կարգապահությամբ և թիմային ոգով: Կարճ ասած`լավագույն ավանդույթները շարունակվում են:

 

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Effenberg (26.06.2017)
Դիտումներ: 1184 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0