11:24 ԲԱՎԱՐԻԱՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ | |
Բավարիան հերթական անգամ հիասթափեցրեց իր երկրպագուներին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում`Յուպ Հայնկեսի սաները հյուրընկալվելիս նվազազույն` 1:0 հաշվով տանուլ տվեցին շվեյցարական Բազելին: Հանդիպումը սկսվեց մյունխենցիների գրոհների նշանաբանի ներքո: Արդեն հանդիպման մեկնարկային րոպեներին հաշիվը բացելու մի քանի լավ հնարավություններ բաց թողեց Ֆրենկ Ռիբերին: Ֆրանսիացու հարվածներից հետո իրեն հիանալի դրսևորեց տանտերերի դարպասապահ Սոմերը: Բավարիայի մեկնարկային ճնշումը Բազելի ֆուտբոլիստները կարողացան բավականին շուտ հաղթահարել և արդեն իրենք սկսեցին լուրջ գոլային պահեր ստեղծել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Հանուն արդարության նշենք, որ մի քանի դրվագներում Բազելից բախտը երես էր թեքել: Նախ Կենտրոնական պաշտպան Դրագովիչի գլխի հարվածից հետո Նոյերին սկզբում օգնության հասավ ուղղահայաց դարպասաձող, իսկ քիչ անց Ալեքսանդեր Ֆրայի հարվածից հետո` գերամանցուն արդեն օգնության "ձեռք մեկնեց" հորիզոնական դարպասաձողը: Թվում էր, թե գոլը հասունանում է, սակայն հյուրերը կարողացան կարգավորել իրենց խաղը և սկսեցին Բազելին հետզհետե փակել սեփական կիսադաշտում: Չնայաշ մյունխենցիների տարածքային լուրջ առավելության ունեին, բայց գործը սուր պահերի այդուհանդերձ չէր հասնում: Առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոներով: Երկրորդ խաղակեսում Բավարիան շարունակեց նույն կերպով: Հատկապես մյունխենցիները փորձում էին մրցակցի պաշտպանությունը ճեղքել եզրերով: Հաճախակի գրոհներին միանում էին մյունխենցիների եզրային պաշտպանները: Հատկապես ակտիվ էր ձախ թևը, որտեղ Լահմը հաճախակի միանում էր գրոհներին և փորձում էր դրանք եզրափակել, սակայն թիմի ավագի կատարած հարվածներից հետո հիանալի էր գործում տանտերերի դարպասպահը:Փոխարենը պասիվ էր աջ եզրը, որտեղ Բազելի պաշտպանները`Ռոբենին աքցանների մեջ էին առել: Այդուհանդերձ Ռոբենը մի խաղային ժամանակահատված լրջորեն սկսեց անհանգստացնել հյուրերի պաշտպաններին: Դրվագներից մեկի ժամանակ Ռոբենը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն մրցակցի կենտրոնական պաշտպանը կանոնների խախտման գնով կանգնեցերեց հոլանդացու առաջխաղացում: Մրցավարը մոտ 15 մետր հեռավորության վրա, ուղիղ դարպասի դիմաց նշանակեց տուգանային հարված: Ստանդարտի իրացման պատասխանատվությունը իր վրա վերցրեց հենց տուժողը: Սակայն Ռոբենը բավականին հարմարավետ դիրքից հարվածեց ուղիղ պատի վրա: Ինչ վերաբերվում է Բավարիայի հարձակման գծին, ապա պետք է ասել, որ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ հյուրերը խաղում էին առանց հարձակվողի: Մարիո Գոմեսը հավանաբար անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի իր վատագույն հանդիպումներից մեկը: Բացի այն, որ գերմանացին բավականին պասիվ էր, նաև իր խաղընկերների փոխանցումներից հետո` նպաստավոր դիրքերից համարձակվում էր վրիպել: Իսկ ամենազարմանալին այն փաստն էր, որ Հայնկեսը շարունակում էր նրա փոխարեն խաղադաշտ դուրս չբերել Իվիցա Օլիչին: Ժամանակը գնում էր, իսկ Բավարիան ձգտում էր հենց առաջին խաղում դառնալ դիմակայության ֆավորիտ: Յուպ Հայնկեսը վերջնամասում որոշեց խաղադաշտ դուրս բերել Թոմաս Մյուլերին: Թվում էր, թե գերմանացի մասնագետը Մյուլերին կփոխարինի Ռոբենով, սակայն այս անգամ Հայնկեսը բոլորի համար տարօրինակ որոշման գնաց և փոխարինեց Ռիբերիին: Հենց առաջին հպումով Թոմաս Մյուլերը` Գոմեսին դուրս բերեց հարվածային դիրք, սակայն "Սուպեր" Մարիոն հայտնվելով դարպասապահի դիմաց որոշեց հարվածել նրա վրա: Հյուրերի հախուռն ու ոչ նպատակաին գրոհներին` տանտերերը մեկընդմերթ պատասխանում էին սուր հակագրոհներով: Երևում էր, որ Բազելի ֆուտբոլիստները ամեն մի մանրուք հաշվի էին առել և մինչև վերջին պահը սպասում էին իրենց շանսին, իսկ այդ հնարավորությունը նրանց ընձեռվեց հանդիպման 86-րդ րոպեին, երբ տեղի տվեց բավարական պաշտպանությունը: Փոխարինման մտած Զուան` աջ եզրում գնդակը ստանալով, կարողացավ "կտրել" Բավարիայի պաշտպանությունը և հիանալի փոխանցում կատարեց պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Շտոկերին, իսկ վերջինս դիպուկ հարվածով ոչ մի շանս չթողեց Մանուել Նոյերին: Յուպ Հայկենսը վերջին րոպեներին խաղադաշտ դուրս բերեց նաև Իվիցա Օլիչին: Իհարկե ուշացած փոխարինում, որ ոչ մի օգուտը չբերեց նրանց: Արդյունքում տանտերերը կարողացան կարևորագույն հաղթանակ տոնել դիմակայության ֆավորիտի նկատմամբ և ամենագլխավորը սեփական հարկի տակ գոլ բաց չթողեցին, իսկ դա փլեյ-օֆֆ փուլում շատ կարևոր հանգամանք է համարվում: Եթե հաշվի առնենք, թե ներկայումս ինչպիսի անօգնական տեսք և որքան թույլ հարձակման գիծ ունեն մյունխենցիները, ապա կարելի է հստակ ասել, որ Բավարիան ամենևին էլ ֆավորիտ չէ այս դիմակայությունում: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին: Բավարիան հաջորդ փուլ անցնելու համար մրցակցին պետք է հաղթի առնվազն երկու գնդակի տարբերությամբ, իսկ դրա համար` Մյունխենում տանտերերը պետք է գործի դնեն իրենց ողջ հարձակվողական արսենալը, իսկ դա նշանակում է, որ կբացվեն ազատ տարածություններ` ինչը կարող է նպաստել Բազելի արագ հակագրոհային ֆուտբոլին և դրան գումարած, եթե հաշվի առնենք, որ մյունխենցիները պաշտպանությունում իդեալական չեն գործում, ապա կարելի է ենթադրել, որ ներկայիս իրավիճակում բարդ է լինելու: Յուպա Հայնկեսը սխալների ուղղումներ անելու համար իր տրամադրության տակ ունի մի քանի շաբաթ: "ԲԱԶԵԼ" - "ԲԱՎԱՐԻԱ" - 1:0 (0:0) Գոլ`: Շտոկեր86' "Բազել": Սոմեր, Ջու-Հու, Դրագովիչ, Աբրահամ, Շտայնհոֆեր, Հյուգել, Շակիրի (Զուա 83'), Ֆ.Ֆրայ (Շտոկեր 66'), Շակա, Շտրելլեր, Ա. Ֆրայ (Կաբրալ 90') "Բավարիա": Նոյեր, Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ռաֆինյա, Տիմոշչուկ, Ալաբա, Կրոս (Օլիչ 89'), Ռիբերի (Մյուլլեր 72'), Ռոբեն, Գոմես Զգուշացումներ` Աբրահամ 63', Ռաֆինյա 83' Մրցավար: Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) | |
|
Մեկնաբանություններ: 12 | |||||||||||||||||
|