17:27 ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈԼԱՆԴԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ | |
Գերմանիա-Հոլանդիա խաղից առաջ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում երկու մեծագույն հավաքականների դիմակայությունների պատմությունն ու հարաբերությունները: Հոլանդիայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումները համարվում են համաշխարհային ֆուտբոլի ամենասկզբունքային և դասական դիմակայություններից մեկը: Գերմանիան(ԳՖՀ) և Հոլանդիան միմյանց հետ հանդիպել են 38 անգամ: Այդ հանդիպումներից 14-ում հաղթել են գերմանացիները, 10-ում հոլանդացիները, իսկ մնացած 14-ում թիմերի միջև գրանցվել է խաղաղ դաշինք: 38 խաղերից 7-ում թիմերի ճանապարհները խաչվել են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, իսկ մնացած 31 հանդիպումները կրել են ոչ պաշտոնական բնույթ: Երկու գերհզոր ֆուտբոլային ընտրանիները առաջին անգամ միմյանց հետ մրցեցին հեռավոր 1910 թվականին, հոլանդական Արնեմ քաղաքում: Այդ ժամանակ տանտերերը` 4:2 հաշվով կարողացան պարտության մատնել իրենց մրցակիցներին: Հատկանշական է, որ առաջին պաշտոնական խաղում թիմերը միմյանց դեմ առճակատման դուրս եկան 1974 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում: Մյունխենի "Օլիմպիաշտադիոն” մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչը ավարտվեց "գերմանական մեքենայի” հաղթանակով: Խաղի մեկնարկային րոպեներին հոլանդացի Նեսկենսի կողմից իրացված 11 մետրանոց հարվածին` գերմանացիները պատասխանեցին Պաուլ Բրայտների 11 մետրանոցից իրացրած դիպուկ հարվածով և Գերդ Մյուլլերի խփած հաղթական գնդակով: 1978 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ թիմերի ճանապարհները խաչվեցին երկրորդ խմբային փուլի ժամանակ: Այդ մրցավեճը ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով` 2:2: Երկու տարի անց ԳՖՀ-ի և Հոլանդիայի հավաքականները հանդիպեցին Եվրո 1980-ի խմբային փուլում:Քրիստիան Ալոֆսի հեթ-տրիկի շնորհիվ բունդեսթիմը լարված պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: 1988 թվականին թիմերը արդեն մրցեցին "հին աշխարհամասի” առաջնության կիսաեզրափակիչում, որը տեղի ունեցավ Գերմանիայում: Այդ ժամանակ Մարկո վան Բաստենի, Ռուուդ Գուլիտի և Ֆրենկ Ռայկարդի գլխավորությամբ Հոլանդիան կարողացավ` 2:1 արժանի ռևանշի հասնել իրենց սկզբունքային մրցակցի նկատմամբ: 1990 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում արդեն Գերմանիան նույն հաշվով պարտության մատնեց Հոլանդիային և դուրս թողեց հետագա պայքարից: Սկզբունքային մրցակիցների հաջորդ "դուելը” տեղի ունեցավ Եվրո 1992-ի խմբային փուլի ժամանակ, երբ "նարնջագույնները” ` 3:1 հաշվով ձեռնունայն թողեցին գերմանացիներին: Ռայկարդի, Վիտչգեի և Բերգկամպի հարվածներին բունդեսթիմը պատասխանեց Յուրգեն Կլինսմանի հեղինակության գնդակով: 1992 թվականից հետո թիմերը երկար ժամանակով հրաժեշտ տվեցին միմյանց և միայն 14 տարի անց պաշտոնական խաղում կրկին հանդիպեցին: Եվրո 2004-ի խմբային փուլի առաջին խաղում Հոլանդիան և Գերմանիան կնքեցին խաղաղ դաշինք: Այդ խաղում հաշվի մեջ գերմանացիների առաջ մղեց Տորստեն Ֆրինգսը, իսկ հանդիպման վերջնամասում հոլանդացիներին պարտությունից փրկեց Ռուդ վան Նիստելռոյը: Գերմանիան և Հոլանդիան վերջին անգամ միմյանց հետ մրցել են 2011 թվականի նոյեմբերին,երբ Յոահիմ Լյովի սաները խոշոր` 3:0 հաշվով ջախջախեցին "նարնջագույններին”: Այժմ 8 տարվա ընդմիջումից հետո Գերմանիան և Հոլանդիան կրկին անգամ ասպարեզ դուրս կգան պաշտոնական հանդիպման շրջանակներում և այս անգամ Եվրո 2012-ի խմբային փուլի երկրորդ տուրում: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|