Ուրբաթ, 26.04.2024, 01:44
Գլխավոր » 2013 » Փետրվար » 27 » FC BAYERN - DORTMUND. ԼԻՆԵԼ ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ...
16:42
FC BAYERN - DORTMUND. ԼԻՆԵԼ ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ...
Այսօր Բավարիայի համար օրը հատկանշական է ոչ միայն այն պատճառով, որ ակումբը նշում է իր հիմնադրման 113 տարելիցը, այլև Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում Բավարիային սպասվում է թեժ դիմակայություն:Մյունխենյան գրանդին առճակտման դուրս կգա իր սկզբունքային մրցակից`Դորտմունդի Բորուսիան: 

Այս խաղը կարելի է որակել հետևյալ կերպ`Գերմանիայի ապագա չեմպիոնը ընդդեմ գործող չեմպիոնի և միգուցե Գերմանիայի ապագա գավաթակիրը ըննդեմ գործող գավաթակրի: Եթե առաջին որակումը գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, այն պատճառով, որ Բավարիան իր մրցակցին Բունդեսլիգայում 23 տուրից հետո գերազանցում է 17 միավորով, ապա երկրորդ որակումը բավականին վիճարկելի է և դեռևս անտեղի, քանի  որ դեռևս ոչինչ հայտնի չէ: 
Գավաթային հանդիպումը բաղկացած է մեկ խաղից և այն թիմերի համար դառնալու է կենաց-մահու պայքար, քանի որ պարտվողը գլխիկոր հրաժեշտ է տալու խաղարկությանը:
Վիճակահանության արդյունքները ավելի բարեգութ գտնվեցին Բավարիայի նկատմամբ, քանի որ ըստ դրանց Բավարիան Բորուսիայի հետ կմրցի սեփական Ալիանց Արենա մարզադաշտում: Հաշվի առնելով թիմերի ներկայիս իրավիճակը,ցուցադրած խաղն ու արդյունքները`առաջին հայացքից թվում է, թե այս դիմակայության գլխավոր ֆավորիտը Բավարիան է, սակայն ֆավորիտ ասվածը ավելի շատ բուքմեյքերական հասկացություն է և այն շատ ժամանակ ոչինչ չի նշանակում: Չէ որ ֆուտբոլին հենց "համ ու հոտ է" հաղորդում անկանխատեսելիությունը: Եվ քանի որ այսօր խաղադաշտ են դուրս գալու ֆուտբոլային իրական չափանիշներին համապատասխանող  և հավասարազոր երկու ակումբներ, ապա այստեղ երկրորդ պլան են մղվում բոլոր տեսակի կանխագուշակումներն ու անհատականությունները: Բացի այդ Բավարիան նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում Բորուսիայից կրած պարտությունների դիմաց դեռևս չի կարողացել վրեժխնդիր լինել իր սկզբունքային մրցակցից: Առայժմ բացառություն չէ նաև ընթացիկ մրցաշրջանը, քանի որ Բունդեսլիգայի 15 -րդ տուրում Բավարիան սեփական հարկի տակ կրկին չկարողացավ առավելության հասնել  Դորտմունդի նկատմամբ: Այդ հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Ճիշտ է Բավարիան 2 տարվա ընթացքում Բորուսիայից կրած 5 պարտություններից հետո Գերմանիայի սուպերգավաթում `2:1 հաշվով հաղթեց Դորտմունդին, սակայն հասկանալի է, որ Գերմանիայի սուպերգավաթ իր կարևորությամբ համեմատելի չէ ոչ Բունդեսլիգայի և ոչ էլ Գերմանիայի գավաթի հետ:  Եվ բացի այդ` խաղը բավականին հեռու էր սուպերգավաթի կարգավիճակից, քանի որ Բորուսիան հանդիսանում է երկրի առաջնության հաղթողն ու գավաթակիրը: Իսկ Բավարիան սուպերգավաթային խաղին մասնակցեց միայն այն պատճառով, որ Բունդեսլիգայում զբաղեցրել էր երկրորդ տեղը: Հաշվի առնելով այդ հանգամանները պարզ է դառնում, որ Բավարիան դեռևս լիարժեք հաշվեհարդար չի տեսել Բորուսիայի նկատմամբ: 
Այսօր երեկոյան ակումբները խաղադաշտ դուրս կգան շատ հարցերի պատասխաններ պարզաբանելու համար: Խաղին լրացուցիչ հետաքրքրություն և լարվածություն է հաղորդում այն հանգամանքը, որ կիսաեզրափակիչում իրավունք կստանա հանդես գալ երկու թիմերից միայն մեկը:

 


Նախնական կազմեր`


ԲԱՎԱՐԻԱ: Նոյեր, Լահմ, վան Բույտեն, Դանտե, Ալաբա, Խավի Մարտինես, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Կրոս, Ռոբբեն, Մանջուկիչ



ԲՈՐՈՒՍԻԱ Դ: Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր, Բլաշիկովսկի, Ս.Բենդեր, Գունդոգան, Գյոտցե, Ռոյս, Լևանդովսկի


Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 563 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0