Երեքշաբթի, 23.04.2024, 19:17
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ. ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԻ ՏԵՆՉԱՆՔՈՎ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից առաջ  ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերոնշյալ փուլում հայտնված մասնակիցներին: 4 թիմերին նվիրված 4 հոդվածներից չորրորդը նվիրվում է Մյունխենի «Բավարիա»-ին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում գերմանական ֆուտբոլի դրոշակակրին հարկ կլինի առճակտման դուրս գալ «Բարսելոնա»-ի դեմ: Սակայն այս խաղը վերոնշյալ փուլում միակ գերմանա-իսպանական դիմակայությունը չի լինի, քանի որ մյուս զույգում միմյանց հետ հարաբերությունները կպարզեն Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:


«Բավարիա»-ն եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենանհաջողակ և ողբերգական ակումբներից մեկը: Հարկ է միայն հիշել 1999 թվականի դրամատիկ եզրափակիչը, երբ «Բավարիա»-ն համարձակվեց խաղի վերջին 2 րոպեում պարտվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Սակայն դրանից 13 տարի անց գերմանական ամենատիտղոսակիր ակումբը կրկին ենթարկվեց աղետի: Խոսքը նախորդ խաղարկության մասին է, երբ մյունխենյան ակումբը սեփական հարկի տակ տեղի ունեցած եզրափակիչում անհավանական խաղում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Չելսի»-ին և կրկին «խորտակեց» իր երկրպագուների երազանքը: Հարկ է նշել, որ վերջին հինգ տարում «Բավարիա»-ն երկու անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և երկու դեպքում էլ պարտություն է կրել: Ինչ վերաբերում է կիսաեզրափակիչ փուլերում մյունխենցիների ելույթներին, ապա վերջին հինգ տարում մյունխենցիները, երկու անգամ հայտնվելով վերոնշյալ փուլում, երկու դեպքում էլ դուրս են եկել եզրափակիչ:


Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն նման է «վիրավոր գազանի», որը իր ճանապարհին «հոշոտում» է բոլոր մրցակցիներին: Մյունխենցիները արդեն վաղաժամ կերպով հռչակվել են Գերմանիայի չեմպիոններ և դուրս են եկել երկրի գավաթի եզրափակիչ: Մյունխենյան ակումբը այժմ լի է վճռականությամբ վերջապես նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ինչպես երևում է նախորդ մրցաշրջանից հետո մյունխենցիները անհրաժեշտ դասեր են քաղել և այս մրցաշրջանին մենք տեսնում ենք ավելի հասուն և կայուն «Բավարիա»-ի: Թիմի խաղի մեջ նկատելի է ներդաշնակություն: Խաղային յուրաքանչյուր գիծը գործում է բարձր մակարդակով, որը թիմի մարտավարությունը դարձնում է անթերի և անկասելի: Այս ամենին նաև գումարվում է ֆուտբոլիստների հոգեբանական և ֆիզիկական գերազանց պատրաստվածությունը: Հատկապես այս մրցաշրջանում «Բավարիա»-ն հուսալի է գործում պաշտպանությունում, որը նախորդ տարի համարվում էր թիմի «աքիլեսյան գարշապարը»: Այդ հարցը լուծելով՝ «Բավարիա»-ն կարողացավ կատարելագործել իր խաղային առավելությունները:

Մյունխենյան ակումբի պաշտպանությունը հիմնվում է գնդակին տիրելու գործոնի վրա, որի շնորհիվ մյունխենցիները լուծում են մի քանի խնդիրներ: Եվ հարձակման կազմակերպումը համարվում է դրանցից կարևորագույնը: Միաժամանակ հետին գծում գնդակը երկար խաղարկելով՝ Յուպ Հայնկեսի սաները կարողանում են հանել ծանրաբեռնվածությունը և շունչ քաշել, որից հետո նախապատրաստում են հերթական արագընթաց գրոհները:

Մեկընդմերթ գրոհներով և հակագրոհներով Հայնկեսի թիմը շարքից հանում է մրցակցի պաշտպանությունը և «զսպանակի» պես բացվելով՝ անակընկալի է բերում մրցակցին: Բացի այդ՝ առաջին գծում գործող ֆուտբոլիստները մրակցի կիսադաշտում ձգտում են պրեսինգի ենթարկել և ստիպել սխալվել հակառակորդին: Այս մրցաշրջանում «Բավարիա»-ն նման մարտավարությունը գերազանց է կիրառում:

Այդուհանդերձ «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի մի քանի խաղում ցույց է տվել իր թույլ կողմերը: Խոսքը խմբային փուլում ԲԱՏԷ-ի և 1/8 եզրափակիչում «Արսենալ»-ի հետ պատասխան խաղերի մասին է: Սակայն այդ խնդիրները ավելի շատ կապված էին թիմի հոգեբանական խնդիրների հետ, քան խաղային որևէ գործոնի բացակայության հետ: Չէ՞ որ անհնար է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել բոլոր հանդիպումներում: Իսկ «Բավարիա»-ն այս մրցաշրջանում ընդհանուր հաշվով անցկացրել է 43 հանդիպում և դրանցից 36-ում հաղթել է, 4-ում՝ ոչ-ոքի խաղացել, իսկ երեք դեպքում պարտություն է կրել, ընդ որում, երկուսը Չեմպիոնների լիգայում:

Ահա այսպիսի ցուցանիշներով «Բավարիա»-ն մոտենում է «Բարսելոնա»-ի հետ դիմակայությանը: Սա իսկության պահ է «Բավարիա»-ի համար, քան որ մյունխենցիներին այս մրցաշրջանում առաջին անգամ դիմակայելու «Բարսելոնա»-ի կարգի մրցակից: Այս խաղում կտրվեն շատ հարցերի պատասխաններ: Արդյո՞ք բավարական թիմը պատրաստ է ընդունել այս լրջագույն մարտահրավերը և այն հաղթահարելով վերջապես հասնել իր բաղձալի նպատակին, թե՞ դեռևս մյունխենցիների գերիշխանության ժամանակը Եվրոպայում չի եկել և նրանք պետք է բավարարվեն ներքին արենայում տոնած հաղթանակներով:

Արտակ Վահանսարյան



Աղբյուր: http://Shamshyan.com
Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (30.06.2013) W
Դիտումներ: 1063 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0