Ուրբաթ, 19.04.2024, 08:14
Գլխավոր » Հոդվածներ » ՀՈԴՎԱԾՆԵՐ

«Ոսկե գնդակ» կոչվող մրցանակը կմոռացվի, եթե այն չհաղթի Մանուել Նոյերը

Այսօր հայտնի կդառնա 2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնում են Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:

Բոլոր երեք հավակնորդներն էլ մրցանակը ստանալու իրենց հիմքերը ունեն, սակայն դրանք ավելի վառ են արտահայտված Մանուել Նոյերի և Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, քանի որ Մեսսին մեղմ ասած այդքան էլ տպավորիչ մրցաշրջան չանցկացրեց: Ճիշտ է, Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ հասավ մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ և նույնիսկ արժանացավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, սակայն այդ նվաճումը Նոյերի և Ռոնալդուի հաջողությունների ֆոնին պարզապես, անտեսանելի է դառնում: 

Պորտուգալացին փայլուն տարի անցկացրեց ակումբային մակարդակով: Խփեց ռեկորդային թվով գոլեր, բազմաթիվ արդյունավետության ռեկորդներ սահմանեց, «Ռեալ»-ի հետ հաղթեց Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի գավաթի խաղարկություններում, դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն: 

Ինչ վերաբերվում է Նոյերին, ապա գերմանացին իր խաղաոճով հեղափոխություն կատարեց ոչ միայն դարպասապահության մեջ, այլև ֆուտբոլում: Նա կոտրեց դարպասապահության հետ կապված որոշ կարծրատիպեր: Գերմանացին ցուցադրեց թե ինչպես դարպասապահը կարող է հանդես գալ վերջին պաշտպանի դիրքում, սկսել իր թիմի գրոհները, ղեկավարել թիմի պաշտպանական գործողությունները և իր յուրօրինակ խաղով վստահություն ներշնչել ամբողջ թիմին: Այդ առումով անմոռանալի դարձավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ալժիրի հետ կայացած հանդիպումը, երբ Նոյերին կարելի էր հաճախակի տեսնել տուգանային հրապարակի սահմաններից դուրս գործելիս:  

Բունդեսթիմը չնայած ետին գծում ունեցած իր  խնդիրներին, վստահելի խաղաց պաշտպանությունում և դա մեծամասամբ ի շնորհիվ Մանուել Նոյերի:
   
Պետք է ընդունել, որ նախորդ տարվա գլխավոր իրադարձությունը աշխարհի առաջնությունն էր, որտեղ Նոյերը Գերմանիայի հավաքականի հետ միասն փառահեղ հաղթանակ տարավ:  Ավելնորդ է ասել, թե իրենից ինչ է ներկայացնում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Չեմպիոնների լիգան գերազանց մրցաշար է, սակայն այն ամենամյա է և Մունդիալի ֆոնին փոշիանում է: 

Այո, Ռոնալդուն նույնպես փառահեղ տարի անցկացրեց: Նրան կարելի կլիներ մրցանակի արժանի տիրակալ համարել միայն այն դեպքեւմ, եթե նա իր հավաքականի հետ կարողանար, որևէ սխրանք գործել 2014 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն Պորտուգալիայի հավաքականը անփառունակ հանդես եկավ և նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելը՝ մեկնարկային խաղում 0:4 հաշվով զիջելով Գերմանիայի ընտրանուն:

Աշխարհի առաջնությունում Գերմանիան հանդես եկավ ինչպես մեկ թիմ, մեկ ամբողջություն: Եվ իսկապես դժվար էր, որևէ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ բոլորն էլ արտակարգ հանդես եկան: «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում ի դեմս Նոյերի , ներկայացված է Գերմանիայի հավաքականը, որը  նախորդ տարվա ընթացքում բոլոր առումներով լավագույնն էր:  Իսկ ֆուտբոլը ամեն դեպքում թիմային մարզաձև է:

Եվս մեկ հանգամանք, որը չպետք է առհամարել: Սովորաբար միշտ խաղադաշտում երևում են հարձակման գծի ֆուտբոլիստները, քանի որ նրանք գոլեր են խփում և դրանով ավելի  շատ են գերում ֆուտբոլասերների սրտերը: Սակայն չպետք է նաև անտեսել այսպես ասած «սևագործ» ֆուտբոլիստներին: Հասկանալի է, որ միշտ էլ ետին գծի խաղացողները մնացել և մնում են հարձակման գծի ֆուտբոլիստների ստվերում, սակայն պետք է հասկանալ, որ պաշտպաններն ու դարպասապահները նույնպես արժանի են ամենաբարձր մրցանակներին, քանի որ նրանց կատարած աշխատանքը ոչնչով չի զիջում առջևի գծում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատանքին և ժամանակ առ ժամանակ նույնիսկ գերազանցում է, ինչպես Նոյերի պարագայում: 

Նոյերի հաղթանակը պատմական կլինի ֆուտբոլի պատմության ընթացքում և  թարմություն կհաղորդի աշխարհում լավագույնին ընտրելու չափորոշիչներում: Ռոնալդուն և Մեսսին նախորդ տարի արեցին այն, ինչ անում են սովորոբար՝ խփելով բազմաթիվ գոլեր, սակայն գերմանացին կատարեց այն, ինչը երբեք և ոչ մի դարպասապահ չէր կատարել:  Հարկ է նշել, որ ֆուտբոլի պատմության ընթացքում միակ «Ոսկե գնդակ» ստացած դարպասապահը՝ դա Լև Յաշինն է, ով պատվավոր մրցանակը հաղթել էր 1963 թվականին: 
Վախենամ, որ այս տարի էլ կրկնվի 2010 թվականի պատմությունը, երբ փառահեղ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկի փոխարեն, պատվավոր մրցանակը շնորհեցին Լիոնել Մեսսիին, ով այդ տարի «Բարսելոնա»-ի հետ հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ, իսկ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Արգենտինայի հավաքականի հետ 0:4 հաշվով տանուլ տվեց  Գերմանիայի ընտրանուն:  Հանուն արդարության, այդ տարի «Ոսկե գնդակին» պետք է արժանանար Խավի-Ինյեստա զույգից, որևէ մեկը: Դրանով ՖԻՖԱ-ն հարվածի տակ դրեց իր վարկանիշը և կասկածանքի տակ դրեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդարացիությունը:  

Հարկ է նշել, որ մինչ 2008 թվականը լավագույնին որոշելու համար քվեարկում էին տարբեր երկրների մարզական լրագրողները, սակայն դրանից ի վեր սկսեցին քվեարկությանը մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների մարզիչներն ու ավագները: Փաստացի, քվեարկության արդյունքները չափից շատ սուբյեկտիվ և անարդար ստացվեցին: Փաստեմ, որ 2013 թվականին միայն լրագրողների քվեարկության արդյունքներով «Ոսկե գնդակին»  կարժանանար Ֆրանկ Ռիբերին, սակայն ինչպես հայտնի է, հաղթող ճանաչվեց Ռոնալդուն:  

Եթե «Ոսկե գնդակին» արժանանա Մեսսին կամ Ռոնալդուն, ապա մի քանի տարի անց ոչ մեկը չի հիշի «Ոսկե գնդակ» կոչվող մրցանակի մասին: 

ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ

Կատեգորիա: ՀՈԴՎԱԾՆԵՐ | Ավելացնել: Oliver (12.01.2015)
Դիտումներ: 705 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանությունների ընդհանուր թիվ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցվա անդամները.
[ Регистрация | Вход ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0