Ուրբաթ, 29.03.2024, 11:17
Գլխավոր » 2012 » Հուլիս » 11 » ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԱՅԶԵՐ ՖՐԱՆՑ
12:02
ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԱՅԶԵՐ ՖՐԱՆՑ
Ֆուտբոլում հաջողությունը տրվում է միայն նրանց, ով արժանանում է դրան: Երկու «Ոսկե գնդակ», ազգային հավաքականի կազմում փայլուն հաղթանակներ, հարազատ ակումբում փառահեղ մրցաշրջաններ, ճանաչում ոչ միայն  որպես ֆուտբոլիստ այլ նաև որպես մարզիչ. այս ամենին հասած հերոսի անունն է Ֆրանց Բեկենբաուեր: Նա գերմանացի ֆուտբոլիստներից առաջինն էր, ով 100-ից ավել խաղ անցկացրեց ազգային հավաքականի շապիկով, հարազատ «Բավարիայի» կազմում 1974-76 թվականներին երեք անգամ հաղթեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը, մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը: Իսկ հայրենիքում՝ Գերմանիայում, Բեկենբաուերը դարձավ Բունդեսլիգայի քառակի հաղթող:
Ծնունդով մյունխենցի Ֆրանցի ճակատագիրը պատահական չէ, որ կապված է «Բավարիայի» հետ, սակայն առաջին քայլերը նա կատարել է բավարական մեկ այլ թիմում՝ «Մյունխեն-1906»-ի մանկական ակումբում։ Միայն 1957 թվականին Բեկենբաուերը սկսեց խաղալ «Բավարիայի» երիտասարդական հավաքականում, ուր և նրան նկատեցին ազգային երիտասարդական հավաքականի մարզիչները:

Սակայն երազելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի մասին՝ Ֆրանցը ձեռքից բաց չթողեց մեկ այլ մասնագիտություն ևս: Նա վերապատրաստվեց ապահովագրական ընկերությունում և կարող էր դառնալ ապահովագրական գործակալ:  Սակայն հենց այդ նույն ժամանակ «Բավարիան» նրան պայմանագիր առաջարկեց, և Բեկենբաուերը,  մոռանալով ապահովագրական գործը, ամբողջության տրվեց ֆուտբոլին:

Պարզվեց, որ Ֆրանցը ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում: «Բավարիայի» կազմում նա առաջին  անգամ դաշտ դուրս եկավ «Սանկտ Պաուլի» դեմ խաղում որպես ձախ եզրային հարձակվող: Թեև նա անձամբ գոլ չխփեց, բայց Ֆրանցի թիմը հաղթեց 4:0 հաշվով:

1965 թվականին Շվեյցարիայի դեմ հանդիպումից հետո Բեկենբաուերն ամրապնդեց իր տեղը նաև ազգային հավաքականում՝ խաղալով որպես ազատ պաշտպան՝ «լիբերո»: Սակայն նրա գործը միայն մրցակցին վնասազերծելը չէր. Ֆրանցն ամեն վայրկյան կարող էր դառնալ շարժիչ ուժ ողջ թիմի համար ու նետվել առաջ:[video]



Շուտով Բեկենբաուերը ստացավ իր հայտնի մականունը՝ «Կայզեր Ֆրանց»: Նա իրավամբ դաշտի տիրակալ էր, թիմի գլխավոր խաղացողը: Սակայն նրա՝ որպես ազատ պաշտպանի դերը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ, հատկապես Գերմանիայի՝ Անգլիայի հավաքականից կրած պարտությունից հետո: Բազմաթիվ  մասնագետներ պնդում էին, որ Բեկենբաուերի նման տաղանդը չպետք է «մարի»  պաշտպանությունում:

Չնայած այս բոլոր քննադատություններին՝ նա շարունակեց խաղալ այդ դիրքում՝ ամեն օր ապացուցելով դրա վճռորոշ լինելը: Ի դեպ, Բեկենբաուերը երբեք բաց չէր թողնում գոլ խփելու հնարավորությունը:  Վառ օրինակ է 1970 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի դեմ խաղը, ուր հենց Բեկենբաուերի գոլը ուշքի բերեց գերմանացիներին և վերջիններս, չնայած սկզբում պարտվում էին 2:0 հաշվով, կարողացան 3։2 հաշվով հաղթանակ տանել:

1972 թվականին գերմանացիները դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 1974 թվականին Ֆրանց Բեկենբաուերը որպես թիմի ավագ իր գլխավերևում պահեց ՖԻՖԱ-ի ոսկե գավաթը:

Երկու տարի անց Բեկենբաուերն ազգային հավաքականի կազմում անցկացրեց իր վերջին՝ 103-րդ խաղը:  Այդ ժամանակն էր, որ նա հրաժեշտ տվեց նաև հարազատ «Բավարիային»:

Ինչպես ժամանակի բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ, «Կայզեր Ֆրանցն» իր ֆուտբոլային կարիերան որոշեց ավարտել ԱՄՆ-ում: Այստեղ նա խաղաց «Կոսմոս» թիմում:

1984 թվականին՝ չեմպիոնությունից 10 տարի անց գերմանական ֆուտբոլի կայսրը վերադարձավ հայրենիք և  ղեկավարեց  ազգային հավաքականը, ուր ոչ վաղ անցյալում լեգենդ էր դարձել: Նա իրականում չուներ մարզչական արտոնագիր։ Թեպետ Բեկենբաուերին նշանակեցին թիմի գլխավոր մենեջեր, փաստացի հենց նա էր ղեկավարում թիմը։ 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանցն իր թիմին հասցրեց եզրափակիչ՝ կիսաեզրափակչում «խորտակելով» Միշել Պլատինիի՝ Ֆրանսիայի աստղային հավաքականի հույսերը։ Իսկ արդեն որպես լիիրավ գլխավոր մարզիչ նա 1990թ-ի Աշխարհի առաջնության ժամանակ նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ վրեժ լուծելով արգենտինացիներից 1986-ի համար:
Հասնելով նման հաջողության՝ Ֆրանց Բեկենբաուերը թողեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ու գնաց «Բավարիա»՝ 1994-2009թթ. գլխավորելով ակումբը։ 2009-ից Կայզեր Ֆրանցն ակումբի պատվավոր նախագահն է։

Բեկենբաուերի տաղանդն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն է, որ նրան դարձրեց 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Նաիրա Սահակյան

Դիտումներ: 575 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Christine   (11.07.2012 14:11) [Նյութ]
Ameninch hrashali er.Iroq Bekenbauer@ iskakan legend e.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0